Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպումներ է ունենում Բեռլինում


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Երեկ Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկել է Հայաստանի արտգործախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։

Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ, արտգործնախարարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ - գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա դիվանագետների, քաղաքագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG