Մատչելիության հղումներ

logo-print

Շվեյցարիան շարունակում է հայ - թուրքական կարգավորման միջնորդական ջանքերը


Շեշտը այժմ դրված է Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ կամուրջների կառուցման վրա, «Ազատություն» ռադիոկայանին ասում է դեսպան Օբոլենսկին։

Շվեյցարիան շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման եւ երկու երկրների միջեւ սահմանի վերաբացման ուղղությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:

Դեսպանը ընդգծեց, որ ներկայում շվեյցարական կառավարությունը շեշտը դրել է «Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ կամուրջների կառուցման վրա, ինչը կարող է միայն նպաստել երկու պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացմանը»:

«Ինչպես գիտենք, [հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման] գործընթացը ներկայում գտնվում է երկու երկրների խորհրդարաններում, եւ շատ բաներ են փոխվել այն պահից ի վեր, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին [հայ - թուրքական] արձանագրությունները։ Այժմ երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները պետք է որոշեն` առաջ շարժվել, կամ` ոչ», - ասաց Կոնստանտին Օբոլենսկին` շարունակելով. - «Այն, ինչ ներկայում մենք ենք անում` շվեյցարական կողմը, խրախուսում ենք քաղաքացիական հասարակության հետ կապված նախաձեռնությունները, որոնք [հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման] գործընթացն առաջ են տանում, քանի որ վստահ ենք` սահմանները չպետք է փակ լինեն եւ հատկապես 21-րդ դարում: Սահմանի երկու կողմում գտնվող մարդիկ պետք է ճանաչեն միմյանց, որովհետև հայերն ու թուրքերը հարեւաններ են, եւ ես տարիներով ապրելով Հայաստանում` դա շատ լավ եմ հասկացել»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որպես դեսպան` ի՞նչ կանխատեսում կարող է անել, առաջիկայում ի՞նչ ընթացք կստանա հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, շվեյցարացի դիվանագետը արձագանքեց. - «Ես կդժվարանամ կանխատեսումներ անել: Չգիտեմ, թե ինչպես կզարգանա գործընթացը մոտ ապագայում, բայց հույս ունեմ եւ հավատում եմ, որ երկարատեւ ժամանակահատվածում [հայ - թուրքական] սահմանն այլեւս փակ չի լինի, որովհետեւ դա բնական չէ»:

«Եվրոպայում մենք նման փորձ ունենք, երբ սահմանները հերմետիկորեն փակված էին: Ես հիշում եմ իմ երիտասարդության տարիներին, երբ այդ սահմանները բացվեցին, ինչ թեթեւություն իջավ բոլորիս վրա, եւ ես վստահ եմ` մի օր կգա եւ նմանատիպ թեթեւություն կզգան հայ ու թուրք ժողովուրդները, երբ այս հարցը լուծվի», - հայտարարեց Կոնստանտին Օբոլենսկին։
XS
SM
MD
LG