Մատչելիության հղումներ

Մարտի 14-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը վերջին երեք օրերին Սահմանադրական դատարանում ընթացող դատավարության մասին գրում է. - «Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են «գերագույն» դատարանում: Ավելի ճիշտ, ՀՀ գրեթե բոլոր նախագահական ընտրությունները այս ճակատագրին արժանացել են, ինչը վկայում է միայն այն մասին, որ մեր երկրում մինչեւ օրս չեն անցկացվել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ ահա Սահմանադրական դատարանը բոլոր ընտրությունների դեպքում կայացրել է մի որոշում, որի արդյունքում անփոփոխ են մնացել ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչն էլ վկայում է այն մասին, որ այս կառույցը ընդամենը վերարտադրված իշխանական համակարգի սպասարկուն է եղել: Ու թերեւս հենց այդ է պատճառը, որ որեւէ մեկը Հայաստանում եւ Հայաստանից դուրս Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից «սյուրպրիզ» չի ակնկալում»:

«Հրապարակ»-ի թղթակիցը ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ-ի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանին հարցնում է. - «Կկայանա՞ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկրորդ հանդիպումը»: Պատասխան. - «Հանդիպում կարող է լինել, կարող է չլինել: Խնդիրն այն է, որ ես որեւէ դրական սպասելիք չունեմ այս իշխանություններից եւ Սերժ Սարգսյանից: Նույնիսկ եթե հանդիպում տեղի ունենա, ես մի բան եմ հասկանում, որ առանց ժողովրդական ճնշման հրաժարական տեղի չի ունենալու: Խնդիրն այն է, որ հիմա ոչ թե պիտի նստենք, սպասենք՝ կարձագանքե՞ն հացադուլին, թե՞ ոչ, այլ պիտի քայլեր ձեռնարկենք ՀՀ գիտակից քաղաքացիներին ոտքի կանգնեցնելու եւ իշխանությունների վրա այնպիսի ճնշում ապահովելու միջոցներով, որ նրանք ուղղակի հասկանան, որ ի վիճակի չեն լինելու կառավարել երկիրը»:

«168 ժամ»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասում է. - «Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որեւէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետեւյալն է. այն նշաձողը, որ դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգեւոր հարթություն եւ ստեղծում լրիվ նոր իրավիճակ, ինչը շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին: Այս հարթության մեջ հաշվարկները, մոտեցումները եւ կշռադատված քայլերը չեն աշխատում, եւ ընդդիմությունը, շարժման մասնակիցները եւ հատկապես իշխանությունները լուրջ մտածելու բան ունեն: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես պատրաստ է գնալ ծայրահեղ քայլի, դա կարող է Հայաստանում ստեղծել անկանխատեսելի իրավիճակ, կարող է առաջացնել մի ամբողջ հոգեփոխություն, եւ դրանից հետո հայտնի չէ, թե հասարակությունն ուր կգնա: Մնում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից, իսկ ելքեր գտնելու պարտավորությունը որքան շարժմանը եւ ընդդիմությանն է, այդքան, եւ գուցե ավելի, իշխանությանը»:

Այլ տեսակետ է հայտնում «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը. - «Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի ամենօրյա ասուլիսները այլեւս վերածվել են տաղտկալի թամաշաների: Հոգնած զրույցների այս շարքը, իրոք, ձանձրալի է դառնում. ամեն օր լրագրողները նրան տալիս են նույն հարցերը եւ ստանում նույն պատասխանները: «Գերտերությունները թող մեզ դասեր չտան», «Ես պատրաստ եմ ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանին», «Ես բաց եմ բոլոր քաղաքական ուժերի առջեւ նրանց հետ բոլոր հարցերը քննարկելու», «Սա Րաֆֆիի կամ Սերժի պայքարը չէ, այլ ժողովրդի պայքարն է»: Այս եւ նմանօրինակ հայտարարություններից արդեն բեզարել ենք: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» հետընտրական պայքարն ակնհայտորեն հայտնվել է տեղապտույտում, ինքը` հացադուլավորն էլ արդեն չորրորդ օրը հանուն «ժողովրդի հաղթանակի» պայքարը տեղափոխել է լոկալ մի տարածք: Եվ այս ֆոնին պարզապես զավեշտական է հնչում Հովհաննիսյանի կուսակիցների հայտարարությունները. Րաֆֆիի պայքարը բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը ներկայացրել է երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ilur.am-ին տված հարցազրույցից հատվածներ: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, նա հայտարարել է. - «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար եւ այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ, եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի եւ կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետեւ տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձեւավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, եւ ուրեմն՝ մենք պետք է համատեղենք այս գործընթացները՝ ՀԱԿ կուսակցության ձեւավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցելը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG