Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի ղեկավարության վարկանիշը աշխարհում անկում է գրանցել


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարում է սենատոր Ջոն Քերրիին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարում է սենատոր Ջոն Քերրիին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

Ըստ Gallup-ի հարցումների` Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների իշխանությունները ամենաքիչ աջակցությունն ունեն Հայաստանում։

Gallup-ը հարցում է անցկացրել պարզելու համար` Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության դիրքերը աշխարում թուլացե՞լ, թե՞ ամրապնդվել են նախագահ Բարաք Օբամայի կառավարման 4 տարիների ընթացքում:

2012 թվականին 130 երկրներում արված հարցումների միջինացված արդյունքներով` Միացյալ Նահանգների ղեկավարությանը աջակցում է հարցվածների 41 տոկոսը, ինչը զգալիորեն պակաս է 49 տոկոսից, մի ցուցանիշ, որ Օբաման ուներ իր նախագահության առաջին տարում` 2009 թվականին: Չնայած վարկանիշի այս անկմանը` այնուամենայնիվ, Օբամայի գրանցած արդյունքները ավելի բարձր են, քան Բուշի վարչակազմի վերջին տարիներին ցուցանիշները:

Վարկանիշի այս անկումը ենթադրում է, որ նախագահ Օբաման եւ նոր պետքարտուղարը աշխարհում իրենց քաղաքական օրակարգով այդչափ ընդունելության չեն արժանանա, որչափ նախկինում էր, նրանք անգամ կարող են հայտնաբերել, որ նախկինում բարյացկամ վերաբերմունք ունեցողները այժմ քննադատաբար են տրամադրված:

Ըստ հարցման արդյունքների` Հարավային Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգների իշխանությունները ամենաքիչ աջակցությունն ունեն Հայաստանում, որտեղ հարցվածների միայն 46 տոկոսն է աջակցություն արտահայտել ԱՄՆ-ի ղեկավարության վերաբերյալ: Վրաստանում 51 տոկոսն է հավանության արժանացնում ԱՄՆ-ի ղեկավարությանը, իսկ ամենից մեծ ընդունելությունը Միացյալ Նահանգների ղեկավարությունը ունի Ադրբեջանում` 53 տոկոս: Եթե դիտարկենք Միացյալ Նահանգներից դժգոհների ցուցանիշները, ապա ամենաքիչը Վրաստանում են բացասաբար արտահայտվել` ընդամենը 15 տոկոսը, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի քաղաքականությանը չաջակցողները հարցվածների 27 տոկոս են կազմել:

Միացյալ Նահանգները 2012-ին էլ շարունակել է ամենաբարձր վարկանիշը ունենալ Աֆրիկայում` մեծ աջակցություն վայելելով հատկապես Սահարայից հարավ ընկած երկրներում, մինչդեռ անգամ այս տարածաշրջանում 2011-ից ԱՄՆ-ի ղեկավարության վարկանիշի թուլացում է նկատվում, որը ավելի վառ արտահայտվել է 2012 թվականին։

130 երկրներից ամենից բացասաբար ԱՄՆ-ի վարչակարգի նկատմամբ տրամադրված են Իրանում, Պակիստանում եւ Ռուսաստանում. այստեղ հարցվածների միայն 12-13 տոկոսն է դրական վերաբերմունք արտահայտել ԱՄՆ-ի ղեկավարության վերաբերյալ, իսկ ամենամեծ աջակցությունը Միացյալ Նահանգների իշխանությունները վայելում են Գվինեայում, Կոսովոյում եւ Մալիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG