Մատչելիության հղումներ

Ո՞ր ոլորտներում են անչափահասները ենթարկվում բռնության


Միջազգային երեք կառույցներ ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացել են համատեղ ուսումնասիրություն, թե ո՞ր ոլորտներում են անչափահասները ենթարկվում բռնության:

«Քրեական օրենսգրքում «խոշտանգումներ» եզրույթը չի համապատասխանում միջազգային ընդունված եզրույթին: Մեր Քրեական օրենսգրքով խոշտանգումը ցանկացած անձի կողմից ցանկացած անձին ուժեղ ցավ պատճառելն է: Միջազգային մոտեցմամբ` խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից կիրառված բռնություններն են եւ հոգեբանական ճնշումներն այլ անձի նկատմամբ՝ ցուցմունքներ ստանալու կամ պատժելու նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:

Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների ուսումնասիրությունն իրականացվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության կողմից:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ անչափահասների իրավունքները խախտվում են կամ նրանք ենթարկվում են դաժան վերաբերմունքի թե մինչեւ դատավարությունը, եւ թե դատավարության ընթացքում:

Հարցումներին մասնակցած 82 անչափահասներից 21-ը իրազեկված չի եղել ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չէր կարդացել ձերբակալության արձանագրությունը` նախքան այն ստորագրելը: Համաձայն այս ուսումնասիրությունների` անչափահասների հարցաքննության դեպքերի մեծ մասում փաստաբաններ ներկա չեն եղել:

Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առանց փաստաբանի անչափահասներին չեն հարցաքննում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանին հարցրեինք, թե հիմնականում ո՞ր ոլորտներում են անչափահասները ենթարկվում դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների. - «Իհարկե, ոստիկանությունում: Մենք ասում ենք, որ մենք երեխաներ սիրող ազգ ենք, բայց երբ ծանոթանում ես այդ երեխաների ճակատագրերին, հասկանում ես, որ չենք առանձնանում այլ երկրներից: Չգիտես` որեւէ ցուցմունքով դատապարտված մարդն իրապես հանցագործություն կատարել է, թե` չի դիմացել ճնշումներին ու ցուցմունք է տվել», - ասաց նա:

Նելլի Դուրյանը հակադարձում է. հարկավոր են հստակ փաստեր պնդելու համար, որ հիմնականում ոստիկանությունում են անչափահասներն արժանանում դաժան վերաբերմունքի եւ ենթարկվում խոշտանգումների:

«Հանցագործություն կատարած անչափահասների տարեկան թիվը հասնում է շուրջ 400-ի, որոնցից միայն 15-ն են այսօր իրենց պատիժը կրում քրեակատարողական հիմնարկում, իսկ մնացածը գտնվում են տանը կամ ոստիկանության նախաձեռնությամբ ստեղծված համայնքային վերականգնողական կենտրոններում, որտեղ նրանց հետ վերականգնողական աշխատանքներ են տարվում», - ասաց Դուրյանն ու ընդգծեց, որ անչափահասների հետ աշխատողները նախ հայր են, ծնող ու մարդ, եւ որ նրանք երբեք անչափահասի վրա ձեռք չեն բարձրացնում:

Հարցմանը մասնակցած անչափահասներից մի քանիսը նշել են, որ ոստիկանությունում իրենց ծեծել են, եղունգները դրել դռան տակ ու հարվածել:

«Դուբինկայով խփել են ոտքերիս, պիստալետը պահել գլխիս, ջուր չեն տվել, երեք օր հաց չեն տվել, երկու օր զուգարան չեն թողել, մեկ ամբողջ օր ինձ քննիչի սենյակից տարել են մեկ այլ սենյակ, որտեղ ինձ ծեծել են օպերլիազորները, հետո վերադարձրել են քննիչի սենյակ, դա մի քանի անգամ է կրկնվել, ուզում էին, որ արձանագրությունը ստորագրեմ», - սրանք անչափահասների խոսքերն են, որոնք զետեղված են ուսումնասիրությունում:
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG