Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը 13-2 տարվա ազատազրկում պահանջեց հինգ ամբաստանյալների համար


Լեյտենանտ Արտակ Նազարյան

Լեյտենանտ Արտակ Նազարյան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպա Արտակ Նազարյանի մահվան գործով մեղադրող դատախազներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը այսօր ներկայացրեցին իրենց մեղադրական ճառը:

Ըստ մեղադրող կողմի` ամբաստանյալների մեղքը հիմնավորվել է թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով:

Լեյտենանտ Արտակ Նազարյանը Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել, իրեն ամրակցված զենքից իրեն հասցրել էր մահացու կրակոց: Դեպքի առնչությամբ Նազարյանին ինքնասպանության դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նրա հինգ ծառայակիցներին` Մխիթար Մխիթարյանին, Հարութիկ Կիրակոսյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին, Հակոբ Մանուկյանին եւ Վահագն Հայրապետյանին:

Մեղադրող դատախազ Հայկ Հարոյանը այսօր հանգամանորեն ներկայացրեց, թե ինչ է կատարվել դեպքի նախորդող օրերին: Մասնավորապես, դատախազի խոսքով, Նազարյանի հինգ զինծառայակիցները տարբեր օրերի վիճաբանել են նրա հետ, ծաղրել եւ ստորացրել են Նազարյանին: Հուլիսի 12-27-ն ընկած ժամանակահատվածում Նազարյանը հայտնվել է ծայրահեղ ստորացված վիճակում, իսկ հուլիսի 27-ի առավոտյան մարտական դիրքերում ինքնասպանություն է գործել:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը եւս մանրամասն նկարագրեց Նազարյանի եւ նրա զինծառայակիցների միջեւ հարաբերությունները, տեղի ունեցած միջադեպերը եւ ասաց, որ Արտակ Նազարյանի նկատմամբ ամբաստանյալների գործողությունների եւ Նազարյանի ինքնասպանության միջեւ առկա պատճառահետեւանքային կապ:

«Ամբաստանյալները պետք է մեղավոր ճանաչվեն», - ասաց Հարությունյանը:

Ավարտելով մեղադրական ճառը` Հարոյանը եւ Հարությունյանը միջնորդեցին Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարվա, Վահագն Հայրապետյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Մխիթար Մխիթարյանին` 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը դատարանից ժամանակ խնդրեց իր ճառը պատրաստելու համար:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին:
XS
SM
MD
LG