Մատչելիության հղումներ

«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթը կկայանա մարտի 15-ին


Մարտի 15-ին բնապահպանության նախարարությունում անցկացվելու է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի նոր մրցույթ, որին դիմել է 11 թեկնածու, նրանց շարքում նաեւ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը, ով ժամանակին զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը:

Անցյալ տարի նոյեմբերին «Խոսրովի անտառի» տնօրենի մրցույթին մասնակցող միակ թեկնածուն` Գաբրիել Պողոսյանը հաղթահարեց քննության անցողիկ շեմը, թեեւ կարելի էր տպավորություն ստանալ, որ նա հարցերի պատասխանները անգիր էր սովորել, բացի այդ նախկինում որեւէ կերպ չէր առնչվել այդ ոլորտին: Նրան այդ պաշտոնում չհաստատեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը դիմել է բնապահպանության նախարարություն՝ խնդրելով իրեն իրավունք տալ մրցույթին ներկա գտվել որպես դիտորդ: Նրան նախարարությունից պատասխանել են, որ այսօր դեռեւս հայտնի չէ՝ իրեն եւ մյուս ակտիվիստներին հնարավորություն կտրվի՞ ներկա գտնվել մրցույթին, թե ոչ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ վաղը կհստակեցնեն, թե ինչպես են պատրաստվում ապահովել հանրության մասնակցությունը մրցույթին:

Մրցույթին մասնակցող 11 թեկնածուները ուրբաթ օրը քննություն կհանձնեն, որից հետո հանձնաժողովը կորոշի՝ նրանք հաղթահարում են անցողիկ շեմը, թե` ոչ: Ապա բնապահպանության նախարարը նրանցից մեկին կհաստատի արգելոցի տնօրենի պաշտոնում:

Բնապահպան ակտիվիստները փնտրել եւ գտել են որոշ մարդկանց, ում հորդորել են մասնակցել մրցույթին, բայց հստակեցնում են, որ որեւէ մեկի թեկնածությունը չեն պաշտպանում:

«Մենք կուսակցություն չենք, որ որեւէ թեկնածուի պաշտպանենք», - ասաց Մարիամ Սուխուդյանը:

Ակտիվիստները թեկնածուներին ցանկին, այնուամենայնիվ, լավ ծանոթ են ու հայտեցին իրենց կարծիքը որոշ թեկնածուների մասին:

Հրաչյա Հովակիմյանը արգելոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո աշխատանքից ազատել է մոտ 20 աշխատակիցների եւ ըստ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի` «բերել է իր մարդկանց»: Աշխատանքից ազատված մարդիկ դիմել են բնապահպանության նախարարություն՝ համարելով, որ իրենց անհիմն են գործից ազատել, բայց ավելի ուշ ետ են վերցրել իրենց դիմումը:

Ըստ Եղիա Ներսեսյանի՝ նրանց վրա ճնշում է գործադրվել, ինչը Ներսեսյանի ու «Բնապահպանական ճակատ» նախաձեռնության մյուս անդամների համար արդեն հիմնավոր պատճառ է, որպեսզի չցանկանան գործող պաշտոնակատարին տեսնել արգելոցի տնօրենի պաշտոնում:

«Եթե նայենք այդ 11 թեկնածուների ցուցակը, ինչքան մենք ենք ուսումնասիրել, ամենաարժանի մարդը Ռուսաստանից Հայաստան եկած քաղաքացի Ալբերտ Դումիկյանն է», - ասաց Եղիա Ներսեսյանը:

Ալբերտ Դումիկյանը Ռուսաստանում 25 տարի աշխատել է որպես «Բուրեինյան» արգելոցի տնօրեն, բուսաբանական գիտությունների թեկնածու է, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ:

Նա ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2012-ի հոկտեմբերին դիմել է Անձնագրային եւ վիզաների վարչություն: Դիմելուց հետո անցել է ավելի քան 5 ամիս, բայց դեռեւս չի ստացել քաղաքացիություն:

ՀՀ Քաղաքացիություն մասին օրենքը սահմանում է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են մեկամյա ժամկետում, իսկ համաձայն Սահմանադրության` ազգությամբ հայերը պարզեցված կարգով են ընդունում քաղաքացիություն:

Արգելոցի տնօրենի մրցույթին դիմած թեկնածու Ալբերտ Դումիկյանը «Ազատություն» ռադիկայանին ասաց, որ վերջերս հանդիպել է Անձնագրային վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի հետ եւ պարզել է, որ իր հայցը բոլորովին վերջերս են ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ, որը շնորհում է ՀՀ քաղաքացիություն:

«Ես ասել եմ, որ պիտի աշխաանքի ընդունվեմ, մրցույթի մասնակցեմ: Մեր հանդիպման ժամանակ Համբարձումյանն ասաց, որ 10 օր հետո միայն կարող է իմ հայտն ուղարկել նախագահի նստավայր, ասաց, որ ուրիշ բան չի կարող անել: Հարցնում եմ՝ ինչի համար եք 6 ամիս պահել ձեզ մոտ, ասում է՝ ստուգումների ենք ուղարկել: Ի՞նչ պետք է ստուգեին, ես արա՞բ եմ, ինչ եմ, որ ստուգում են: ՀՀ քաղաքացի եմ եղել, գնացել եմ ու վերադարձել եմ: Ու չեմ փախել Հայաստանից, գնացել եմ Սովետական Միության օրոք պայմանագրով, օրենքով պետք է այստեղ պահպանեին իմ քաղաքացիությունը, ինձ հարցրե՞լ են, որ հանել են», - ասաց Դումիկյանը:

Դումիկյանը կանխատեսում է, որ կգնա մրցույթին եւ իրեն կհայտնեն, որ մասնակցել չի կարող, քանի որ քաղաքացի չէ, ինչը նրան շատ վրդովեցնում է, քանի որ 5 ամիսը համարում է բավարար ժամանակ Հայաստանում ծնված ու կրթություն ստացած մեկին քաղաքացիություն նորից տրամադրելու համար:
XS
SM
MD
LG