Մատչելիության հղումներ

ՍԴ անդամը կարծում է` խախտումները հայտնաբերելու համար լրացուցիչ լծակներ են հարկավոր


Հասարակության շրջանում ընտրությունների արդյունքներից մեծ անբավարարվածություն կա, ոստիկանության ներկայացուցչին ուղղված հարցում նման հայտարարություն արեց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, ով ուզում էր դրա հիմքերը պարզել, որ վաղը «որոշում կայացնելիս խիղճը հանգիստ լինի»:

«Մեկի տունը գող է մտնում, գնում է միլիցիա, որ հայտարարություն տա: Հարցնում են, բա ինչո՞ւ էս փականը անգլիական չես դրել, տեղականն ես դրել, ասում է` հնարավորություն չեմ ունեցել: Բա դուռը ինչո՞ւ երկաթյա չէ, դե սա է եղել իմ հնարավորությունը, բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմի հետ միացված չէ, որ ոստիկանությունը ժամանակին գա: Ասում է` կներեք, իմ մեղքն է, ասում են` բա որ էդքան մեղք ունես, էլ ինչո՞ւ ես եկել ոստիկանություն: Էդ մարդը ասում է` կներեք, բա էդ գողը մեղք չունի՞: Հիմա խախտումներ որ եղել են, ազդե՞լ են դրանք ընտրությունների վրա, թե չեն ազդել, դա այլ խնդիր է, բայց խախտումներ եղել են, դա երեւի թե ակնհայտ է», - ասաց ՍԴ-ի անդամը:

Բալայանը հարցրեց` արդյոք լրացուցիչ լծակներ հարկավո՞ր չեն խախտումները հայտնաբերելու համար, քանի որ ՍԴ-ում երկու թեկնածուների դիմումի քննության ընթացքում նրանց ներկայացուցիչները պնդեցին, որ եղել են մասսայական խախտումներ,որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Իսկ պատասխանողները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը անհիմն են համարում այս հայտարարությունները: Ավելին, ըստ նրանց, ընտրախախտումների, բռնության, կաշառելու մասին ստացված 250-ից ավելի հաղորդումները հիմնականում ընդհանուր բնույթ են կրել, գնացել են դրանց ետեւից, սակայն դիմումներում նշված անձինք հայտարարել են, որ իրենք այդպիսի դեպքերից տեղյակ չեն:

Րաֆֆի Հովհանիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը այս ամենը կապում է վախի մթնոլորտի հետ: Դատախությունն, ինչպես նշեց Կորյուն Փիլոյանը, պատրաստվում է «խրախուսիչ փոփոխություններ» առաջարկել:

«Ընտրակաշառք ստացողների նկատմամբ խրախուսական նորմ նախատեսել օրենսդրության մեջ, որպեսզի հաղորդում տվող անձը օրենքի ուժով ազատվի քրեական պատասխանատվությունից», - ասաց Փիլոյանը:

Փոստանջյանը, մեջբերելով Սերժ Թանկյանին Սերժ Սարգսյանի գրած նամակը, իրավապահ մարմիններից հետաքրքրվեց` այն ականները, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, հայտնաբերե՞լ են: Հարցը ակնհայտորեն դուր չեկավ թե ոստիկանության, թե դատախազության ներկայացուցիչներին:

«Այդ ի՞նչ զինամթերքի տեսակի մասին է խոսվում, եւ այդ ականները որտե՞ղ են, մենք էլ իմանանք եւ ուշադիր լինենք, որպեսզի նրանք մեզ էլ վնաս չպատճառեն», - հարցրեց նա:

«Նյութեր նախապատրաստելու հիմքեր չկան», - պատասխանեց Փիլոյանը:

Փիլոյանը այսօր բողոքեց Զարուհի Փոստանջյանի հարցերի առատությունից, ասաց` «հո ատեստացիայի չեք ենթարկո՞ւմ ինձ»: Բայց հարցերը չդադարեցին:

«Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին ժողովորդի քվեն տանելու մեջ է մեղադրում: Ինքը հիմնակա՞ն կազմակերպիչն էր, թե՞ այլ գործընկերներ ուներ», - Փոստանջյանը հարցրեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին:

«Ես խնդրում եմ կոռեկտ հարցեր տալ, որոնց հնարավոր է պատասխանել», - արձագանքեց Հարությունյանը:

Դիմողներն այսօր 11 միջնորդություն ներկայացրին ՍԴ-ին: Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի դատարան բերվեն 1988 տեղամասերի քվեաթերթիկների պարկերը: Երկու դիմումատուները նաեւ Սերժ Սարգսյանին դատարան կանչելու միջնորդությամբ հանդես եկան:

«Տպավորություն կա, որ այսպես գնաց Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու որպես վկա», - ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Բոլոր 11 միջնորդությունները մերժվեցին: Օրինակ, Սերժ Սարգսյանին հրավիրելու անհրաժեշտություն դատարանը չտեսավ, գտավ, որ «կողմերի ներկայացրած փաստերը բավարար են իրավական դիրքորոշում ձեւավորելու համար»:

Այսօր կողմերը դատարանում իրենց եզրափակիչ խոսքը հնչեցրին: ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի վաղը:
XS
SM
MD
LG