Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահի նախկին թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով, նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա եւ ավետարանի վրա կերդվի միայն իր դիակի վրայով, նորություն չէ։

«Իմ դիակի վրայով ասելիս Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, հիշում է, որ իրենք բոլորը միասին որոշեցին Հայրիկյանի դիակի վրայով շարունակել նախագահական ընտրությունները», - մեկնաբանում է նախագահի նախկին թեկնածուն, ում դեմ, հիշեցնենք, ընտրարշավի ժամանակահատվածում՝ հունվարի 31-ին, մահափորձ էր իրականացվել։ - «Դիակի վրայով առաջ գնալով որեւէ մեկին չես վախեցնի։ Մեր ժողովրդին իրենք արդեն, այդ թվում նաեւ Րաֆֆին, սովորեցրել են՝ դիակի վրայով կարող են գնալ առաջ։ Դիակով իրար ոչ կուրախացնենք, ոչ էլ կվախեցնենք»։

Ինչ վերաբերում է հացադուլին, ապա, Հայրիկյանի կարծիքով, այդպիսի փորձ մենք արդեն ունեցել ենք. նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ոչ միայն հացադուլի ժամկետով, այլեւ պահանջով չէր զիջում Հովհաննիսյանին։ Այս դեպքում տարբերությունը միայն այն է, որ հնարավոր են որոշակի փոփոխություններ, բայց դրական, թե բացասական, չի կարող ասել։

Նրա կարծիքով, Հովհաննիսյանը իր ամենամեծ սխալը արդեն արել է։

«Մեծագույն սխալը, որ ինքը թույլ տվեց, իմ՝ միասնական ճակատով հանդես գալու առաջարկին ընդառաջ չգալն էր, որովհետեւ եթե գար, այն, ինչը որ կիսով չափ ստացվեց, որ ձայները կենտրոնացան իր վրա, դա թեքում կարող էր լինել իսկապես միասնական։ Եթե ամենակարեւոր հարցում ինքը իրեն ճիշտ պահեր, շատ հարցեր արդեն լուծված կլինեին», - ասաց Հայրիկյանը։

Թեեւ գաղափարական տարաձայնություններ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց չի բացառում հանրահավաքներին իր մասնակցությունը։ Հնարավոր է անգամ ելույթ ունենա. - «Եթե առողջ լինեմ, եթե կարողանամ ոչ թե մի կերպ ինձ ներկայացնել խրոխտ տեսքով, այլ իսկապես լիարժեք կարողանամ մասնակցել, ամեն տեղ էլ կլինեմ։ Այս երկիրը ամենից առաջ իմն է։ Իմ մարդիկ հաճախ գնում են, հանդիպում նաեւ Րաֆֆու հետ, խորհրդակցում, բայց ես միշտ միացել եմ ծրագրերին»։

Ներկայումս Պարույր Հայրիկյանը ինտենսիվ բուժման կուրսեր է անցնում, իր խոսքով՝ մշտապես գտնվում է ցավազրկողների ազդեցության տակ։

Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց՝ առայժմ սպասողական վիճակի մեջ է։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG