Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի առաջարկը` մանդատները վայր դնել


Ազգային ժողովի Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Վահան Հովհաննիսյանը չի բացառում նման տարբերակը, սակայն առայժմ դրա իմաստը չի տեսնում։

Երկուշաբթի օրը Ազատության հրապարակում էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրեց իր առաջարկը։

«Շատ տխուր է, որ մենք էս երկիրն ենք, որ ընտրությունների հետեւանքով առաջին տեղը գրաված թեկնածուն ստիպված է հացադուլով ապացուցել, որ ինքն է հաղթել` դա ծայրահեղ քայլ է։ Բայց էդ ծայրահեղ քայլը կդառնա քաղաքական, եթե դրան հետեւեն քաղաքական քայլերի շարք», - լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը` շարունակելով. - «Իսկ դրանք հետեւյալն են. առաջին, իմ խորին համոզմամբ, Ազգային ժողովի էն խմբակցությունները, ովքեր համարում են, որ մեծամասնությունը` 500 հազարից ավելին է քվեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, իսկ ես էդպես եմ համարում, եթե իրենք էլ են էդպես համարում ու ասում են, որ իրենք ժողովրդի կողքին են, իրենք իրենց մանդատները վայր դնեն ու քաղաքական նոր իրավիճակ ստեղծեն»։

«Ես ինչու եմ ինձ իրավունք վերապահում նման բան ասելու` որովհետեւ ես էդ մանդատը դրել եմ, ու իրենց պարզ օրինակ` դրանից ոչ մի բանով չեմ տուժել, հավատացեք», - ընդգծեց «Հանրապետության» առաջնորդը։

«Բոլորը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը... », - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Սարգսյանը արձագանքեց. - «Ես ի նկատի չունեմ ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն ինքը չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է։ ԲՀԿ-ն ասում է, որ ինքը ժողովրդի կողքին է, ո՞ր ժողովրդի` էն ժողովրդի, որ համարում է, որ Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է հաղթել, թե՞ էն ժողովրդի, որ համարում է, որ Սերժ Սարգսյանն է հաղթել։ Երբ որ կկոնկրետացնի ու կհամարի` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, ինքն էլ կարող է դնել, բայց, ասենք, «Ժառանգության» պատգամավորները համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, ՀԱԿ պատգամավորները համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղիղ` ամենակտրուկ եւ ուղիղ, համագումարում ասաց էդ մասին, Դաշնակցությունը համարում է։ Էսքանը բավական է, որ հասարակական մի էնպիսի ալիք առաջանա, որից իշխանությունը քաղաքական հետեւություններ անելու պարտադրանք ունենա»։

Երեքշաբթի օրն էլ Ազատության հրապարակ էր եկել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

Դաշնակցությունը աջակցում է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, իսկ ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն` Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել այդ սցենարը, թեեւ առայժմ Դաշնակցությունում կարծես հակված չեն տվյալ տարբերակին։

Հացադուլի որոշումը Վահան Հովհաննիսյանի համար ընդունելի չէ։ «Ես համարում եմ, որ ծայրահեղություն է, որովհետեւ, տեսեք, հիմա, անկախ ամեն ինչից, պարոն Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակությամբ ձայներ», - լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչը` հավելելով. - «Այսինքն, ես կարծում եմ, որ պայքարի բոլոր ձեւերը չէ, որ սպառված էր` սա իմ անկեղծ համոզումն է։ Իհարկե, ես դասեր տալու կամ խորհուրդներ տալու համար չի, որ էստեղ եմ, այլ` իմ զորակցությունը հայտնելու, բայց ես կուզեի զորակցությունը ուրիշ դաշտերում հայտնել, ոչ թե էստեղ»։

«Իսկ ի՞նչ կարելի էր անել, որ չի արվել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Էդ մեռել ենք ասելով, բայց դա դեռ հնարավորություն կա անելու»։

Լրագրողների հարցին` Դաշնակցությունը պատրա՞ստ է մանդատները վայր դնել, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը միշտ պատրաստ է, բայց դա պետք է... Ամեն մի քայլ, որ անում ես, պիտի իմաստ ունենա։ Եթե դուք կարողացաք բացատրել ինձ իմաստը... Մի անգամ էդպիսի մի բան եղել է»։

«Այսինքն, Ձեր կարծիքով իմաստ չկա», - այս դիտարկմանը Դաշնակցության բյուրոյի անդամը արձագանքեց . - «Չէ, կարող է լինի, ցանկացած պահի դա կարող է լինի, բայց ես էս պահին չեմ հասկանում` ինչի մասին է ընդհանրապես խոսքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG