Մատչելիության հղումներ

Մարտի 13-ի մամուլ


Մեջբերելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր, թե վերջինս ստացել է քվեների մոտ 60 տոկոսը, ինչը խոսում է ժողովրդի վստահության մասին` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սա ոչ թե ողջույնի խոսքի է նման, այլ ծաղրի, որովհետեւ նախ` Սերժ Սարգսյանը պաշտոնապես ոչ թե ավելի քան 60 տոկոս, այլ նույնիսկ 60 տոկոս ձայն չի ստացել։ Պուտինը բնականաբար տիրապետում է սրան, ինչպես նաեւ տիրապետում է Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին։ Բայց նա ոչ միայն չի խոսում դրանց մասին, այլեւ ճոխացնում է Սարգսյանի ստացած վստահության քվեն։ Միայն տոկոսները մեծացնելը դեռ ոչինչ. ասենք` կարող էր վրիպել: Բայց խոսքի շարունակությունը, այն է` «դա խոսում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն տալիս իրագործել բոլոր ծրագրերը», հուշում է, որ վրիպակը հանգամանալից մտածված էր: Վլադիմիր Պուտինին քիչ է հետաքրքրում, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ ծրագրեր էր դրել իր առաջ: Պուտինին հետաքրքրում են այն ծրագրերը, որ ինքն է դրել Հայաստան-Ռուսաստան հետագա համագործակցության առաջ: Եվ ահա նա քաջալերում է Սերժ Սարգսյանին»: «Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունների մեջ, ի դեպ, խոսք անգամ չկա Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի ինտեգրման մասին, կարծես այդ մասին չի էլ խոսվել: Չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինը որեւէ հանդիպմանն այդ միությունների պոտենցիալ անդամ հանդիսացող երկրների ղեկավարների հետ չի շրջանցել այդ թեման, եւ դա արձանագրվել է հաղորդագրություններում: Ենթադրվում է, որ այս ուղղությամբ ռուսական կողմն ուղղակի ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին», - եզրակացնում է թերթը:

Թեման շարունակում է «Ժողովուրդ»-ը` գրելով. - «Պուտինի շեշտադրումը «60 տոկոսից ավելի» ձայն ստանալու մասին, մեղծ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս։ Ու սա այն դեպքում, երբ ընտրություններից հետո Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաները, ավելին, արդեն երեք օր է` Երեւանի կենտրոնում հացադուլ է անում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կես միլիոն քվե է ստացել։ Խոստովանենք` նման շեշտադրումներն այնքան էլ գեղեցիկ չեն հնչում, մանավանդ եթե ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր։ Ի վերջո, ՌԴ-ն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է»։

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հետընտրական զարգացումներին եւ հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած պահանջներին, նշում է. - «ՀՀԿ-ն քաղաքական երկխոսության կողմնակից ուժ է, եւ պատահական չէ, որ տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նախագահականում, պատահական չէ նաեւ օրերս Սերժ Սարգսյանի առաջարկը ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին` երկխոսության նպատակով հանդիպել նախագահի նստավայրում, բայց վերջինս, չգիտես ինչու, որոշել է նախագահին սպասել հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը դիվանագետ է ու պետք է լավ իմանա, որ ցանկացած կարեւոր հարց հրապարակում չի քննարկվում: Հակառակ դեպքում ստացվում է, որ դա ոչ թե երկխոսության, այլ միտինգի հրավեր է: Մինչդեռ երկխոսության ձեւաչափն ամենեւին չի ենթադրում հրապարակային քննարկում: Իսկ ընդունելին այն է, որ պարոն Հովհաննիսյանն ընդունի նախագահի առաջարկն ու գնա նախագահի նստավայր երկխոսության»: Հարցին, թե փաստորեն վիճարկվում է ոչ թե երկխոսելը, այլ հանդիպման վայրը, Շարմազանովը պատասխանում է. - «Փաստորեն չնայած խնդիրը պետք է լինի ոչ թե վայրը, այլ նյութն ու բովանդակությունը: 1000 հոգու մեջ, հրապարակում երկխոսություն չի լինում, այն պետք է ծավալվի երկու մարդու կամ երկու թիմերի միջեւ, առանձին, սեղանի շուրջ, ու նաեւ պետք է սեղանին լինի դրված քննարկման օրակարգ: Իսկ հետընտրական շրջանում Ր.Հովհաննիսյանի հնչեցրած ելույթներից եթե հանեք էմոցիան, կտեսնեք, որ տակը օրակարգ չկա, այսինքն՝ ոչ ծրագիր կա, ոչ բովանդակություն»:

«Հրապարակ» թերթի խմբագրականն ազդարարում է. - «Մեզ վճռական որակական փոփոխություններ են անհրաժեշտ: Եվ եթե իշխանությունն այդ գիտակցությունը, այդ պահանջը, այդ վճռականությունը չունի, պետք է հեռանա: Կամ փոփոխություններ, կամ հրաժեշտ պաշտոններին: Երրորդը չկա: Երրորդը, այսինքն՝ անշարժությունը, ստատուս-քվոն պահպանելը կարող է ավելի վտանգավոր լինել: Իսկ հետեւանքները՝ աղետալի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG