Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո կատարել է իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ Մոսկվայում այսօր հանդիպելով Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու նախագահների հանդիպումը տեւել է մոտ 1 ժամ, հանդիպմանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել։

Հայաստանի նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նախագահները քննարկել են երկու պետությունների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ այցի համար եւ եւս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ: ՌԴ նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ՀՀ նախագահն իր առջեւ դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը:

«Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում դա լավ գիտեն: Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, դրանք հաջողությամբ են զարգանում՝ չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին: Անցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը: Պետք է նշել, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում նաեւ Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով՝ ավելի քան 3 միլիարդ դոլար, եւ այս գործընթացը շարունակվում է: Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել: Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում: Մենք փոխգործակցություն ենք իրականացնում գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով՝ ե՛ւ խորհրդարանների, ե՛ւ կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով: Այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին, մարդկանց միջեւ, հումանիտար ոլորտում: Այստեղ կարեւոր դեր են խաղում Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր եւ արդյունավետ աշխատող քաղաքացիներ են եւ շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է: Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,- Հայաստանի նախագահի հետ հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ հրավերի, շնորհավորանքի եւ ջերմ խոսքերի համար: Նա միանգամայն օրինաչափ է համարել ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցը Ռուսաստանի Դաշնություն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը:

«Անցած տարին մեզ համար հոբելյանական էր. մենք նշում էինք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ ժամանակահատվածում մենք անցել ենք շատ լավ ճանապարհ եւ հասել ենք բացառիկ արդյունքների բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմական ոլորտում, հումանիտար եւ ինտեգրացիոն գործընթացներում: Դրա համար էլ մենք համարում ենք. լավ է, որ կուտակել ենք՝ պետք է զարգացնել:

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար: Մեզ մոտ այցերով եղել են ՌԴ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը: Հայ հասարակությունը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան այցելեց Հայկական բանակի օրը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կա նաեւ տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ հարցեր կան, եւ մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»,- ասել է Հայաստանի նախագահը՝ վերահաստատելով ՌԴ նախագահին ուղղված Հայաստան պետական այցի իր հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG