Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի «երաշխավորված լուծման առաջարկի» դեպքում


Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է դիտարկել հացադուլից դուրս գալու հնարավորությունը, եթե նախագահ Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ եւ երաշխավորված լուծում առաջարկի: Այսօր հրավիրած բացօթյա ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն միեւնույն ժամանակ ընդգծեց, որ ինքն այլեւս ասելիք չունի նախագահին:

«Սիրով կլսեմ պարոն Սարգսյանի հանգուցալուծման առաջարկները, որովհետեւ մնացած բոլորը ես եմ արել եւ ես այլեւս ավելացնելիք չունեմ: Կամ դատարանից, կամ պարոն Սարգսյանից ստանամ այդ երաշխավորված լուծումը, որը հետո ես կներկայացնեմ ժողովրդին, որ թույլ կտա ճանաչելով ժողովրդի սահմանադրական իշխանությունը` հանգուցալուծում գտնել այս համազգային տագնապին, իհարկե, կդիտարկեմ հացադուլից դուրս գալու հնարավորությունը: Իսկ եթե ոչ մեկը չեղավ, ոչ մյուսը, մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ուժը չգտավ ինքնաբացարկի գնալու, ուրեմն այսպես, թե այնպես մենք միասին կտոնենք թե որակով, թե քանակով համազգային տարողության նոր Հայաստանի երդմնակալությունը», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Հարց հնչեց` կհամաձայնի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձել որեւէ բարձր պաշտոն, օրինակ, գլխավորել նոր կառավարությունը, ասաց` ինձ պաշտոն պետք չէ. Սերժ Սարգսյանից հանգուցալուծման ամբողջական, համալիր առաջարկի է սպասում:

«Ես միայն ինքաբացարկով չեմ պայմանավորում այս ճանապարհը. եթե այլ լուծումներ կան, ես պատրաստ եմ լսել, բայց համապետական լուծում պետք է լինի, որը թույլ է տալիս, որ հայ ժողովուրդը արձանագրի անմիջապես այդ զարթոնքը, այդ վերելքը, այդ ժայթքումը, որ փետրվար 18-ին ի հեճուկս շատերին արձանագրեց», - ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե քաղաքական ուժեր են այցելում իրեն, սակայն այդպես էլ համախմբում չի ձեւավորվում իր շուրջը, Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց, թե կուսակցություններից էլ վեր իր համար ավելի կարեւոր է քաղաքացիական միավորումը: Ի դեպ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ընդունելի է համարում նախօրեին իրեն այցելած Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի առաջարկը, որ ընդդիմադիր բոլոր խմբակցությունները վայր դնեն խորհդարանական մանդատները:

«Որովհետեւ շատ շուտով պիտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ պիտի ունենանք իսկական Ազգային ժողով, որ ներկայացնում է հայ ժողովրդի իսկական քվեն, եւ նրանք, ովքեր այսօր փոքրամասնության մեջ են, պիտի ձեզ հետ միասին մեծամասնություն դառնան: Ես որպես հայեցակետ ընդունում եմ, բայց ես կարծում եմ, որ թե ժամանակի ընտրության, թե տեխնիկական այլ հարցերի տեսակետից արդեն երկրորդական է, որովհետեւ մենք ավելի համալիր լուծումների ենք գնում եւ ոչ շատ ուշ», - ասաց նա:

Երկրորդ օրը հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածուն այժմ սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, թե հավատում է, որ դատարանը իր անվանը համապատասխան` սահմանադրական որոշում կկայացնի:

«Կարծում եմ` Սահմանադրական դատարանը ունի եզակի, եթե ոչ վերջին հնարավորություն, իր հետագիծը մաքրելու եւ ներկայացնելու փետրվարի 18-ի իրական պատկերը: Եվ հույս ունեմ, որ նախադեպային վճիռ կհրապարակվի», - ասաց Հովհաննիսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում է եւ Րաֆֆի Հովհաննիսյանին բազմաթիվ հարցեր ուղղվեցին Եվրասիական միությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի վերաբերյալ: «Ժառանգության» առաջնորդը երկու նախաձեռնություններին էլ դեմ է. - «Թեեւ դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ երկկողմանի ամուր հարաբերություններ ունանալ ասիական պետությունների, Արեւելքի հետ, ինչպես նաեւ թեկուզ դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին, բայց որպես Արեւմտյան քաղաքակրթության աղբյուր` Հայաստանը պիտի տեսնի իր ապագան այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ինքը ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքիշխանությունը եւ մեր քաղաքացիների իրավունքները», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, թե միաջազգային ձեւաչափերին միանալուց առաջ այսօր շատ ավելի կարեւոր է կարգի բերել Հայաստանի տնտեսությունը. - «Պետք նախ գրանցենք, որ մեր տնտեսությունը յուրացվել է մի քանի ընտանիքների, օլիգարխների եւ իշխանամերձ շրջանակների կողմից: Առաջին հերթին մեր տնտեսությունը սպանվել է ներսից, ոչ թե դրսից»:
XS
SM
MD
LG