Մատչելիության հղումներ

Զեկույց. «Խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նվազել է»


«Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագիրն այսօր ներկայացրել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին երկու նստաշրջանների գործունեության դիտարկման արդյունքները, որոնց համաձայն, 2012 թվականին ձեւավորված նոր խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը օրինաստեղծ աշխատանքում, ինչպես նաեւ քաղաքական որոշումների վրա ներգործության տեսանկյունից, նախորդինի համեմատ նվազել է:

Մոնիտորինգ իրականացնողները նշում են, որ օրենսդրական նախաձեռնությունների 94 տոկոսը ներկայացրել է Կառավարություննը, եւ միայն 6 տոկոսը` խորհրդարանը: Նախորդ՝ չորրորդ գումարման խորհրդարանում այս առումով Կառավարություն-ԱԺ տոկոսային հարաբերությունը 86/14–ի էր:

Մեկնաբանելով զեկույցի արդյունքները՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արայիկ Հովհանիսյանը այսօր զեկույցի ներկայացման ժամանակ կարծիք հայտնեց, որ պասսիվությունը նախնական շրջանում արտասովոր երեւույթ չէ։

Մինչդեռ, զեկույցի ներկայացմանը ներկա ընդդիմադիր ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Մանուկյանը կարծիք հայտնեցին, որ Կառավարությունը պարզապես նվաճել է օրենսդիր մարմնի ֆունկցիաները:

Իշխող կոալիցիան գրեթե միշտ «կողմ է»


Զեկույցում ներկայացվում են նաեւ տվյալներ այն մասին, թե ինչպես են քվեարկել ԱԺ խմբակցությունները այս կամ այն օրինագծին: Օրինակ` խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն տանդեմը, դեմ է արտահայտվել քվեարկված օրինագծերի ընդամենը 1 տոկոսին։

«Եթե բացեիք, կտեսնեիք, որ դա վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների նախագծերի դեմ քվեարկմանը», - մեկնաբանում է ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, - «Դա այն դեպքում, երբ խոստումներ կան թե՛ Հանրապետական, թե՛ ՕԵԿ ծրագրերում՝ բարեկեցիկ Հայաստան, նվազագույն աշխատավարձի քաղաքականություն եւ այլն»։

ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ավելացրեց, որ շատ տխուր է, որ որեւէ հարցում խորհրդարանական մեծամասնությունը դեմ չի գնացել իշխանությանը:

Հակադրվելով այս կարծիքներին՝ հանրապետական Արայիկ Հովհաննիսյանն ասաց, թե խմբակցությունում մի օրինագծի շուրջ միանման կարծիք ունենալը նորմալ երեւույթ է։

ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ ավելացրեց, որ կոալիցիայում յուրաքանչյուր անդամ ունի իր մոտեցումները, որոնք հայտնում են հայտարարությունների տեսքով կամ ելույթներում։

ՀՀԿ-ն ակտիվ է հարց-ելույթների ժամանակ


Զեկույցում արձանագրված այլ ցուցանիշներից ուշագրավ է հարց-ելույթների վիճակագրությունը, որից պարզ է դառնում, որ 5-րդ գումարման խորհրդարանում ամենաբարձր ցուցանիշը նկատվել է ՀՀԿ խմբակցության մոտ, ամենացածրը` «Ժառանգության»: Միեւնույն ժամանակ, ակտիվությունը խմբակցությունների պատգամավորների քանակի հետ համադրելիս ստացվում է, որ ՀՀԿ պատգամավորներից յուրաքանչյուրը միջին հաշվով հարց տվել կամ ելույթ ունեցել է երկու անգամ, իսկ «ժառանգության» պատգամավորները` 5.6 անգամ:

ԲՀԿ-ն ամենահարուստն է



Զեկույցում նշվում են նաեւ ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորությունները` ըստ ԿԸՀ ներկայացրած հայտագրերի: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ամենահարուստն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար: «Ժառանգության» 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցները ամենահամեստն են` ընդհանուր առմամբ 118 հազար 800 դոլարին համարժեք դրամ:

20 պատգամավոր դոլարային միլիոնատեր է: Առաջին հնգյակում 4 ԲՀԿ-ականներ են: Առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որին հաջորդում է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG