Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է գնալ Ազատության հրապարակ


ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը (կենտրոնում) «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան տաղավարում, 12-ը մարտի, 2013
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը (կենտրոնում) «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան տաղավարում, 12-ը մարտի, 2013

«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան տաղավարում հյուրընկալվել է հանրապետական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

«Ազատություն» ռադիոկայան. - Պարոն Դավթյան, ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, Սերժ Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:

Արտակ Դավթյան. - Նախ Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքն է մինչեւ ապրիլի 9-ը կամ եւս մի քանի ապրիլի 9-եր մնալ, իր ազատությունները, սահմանադրական իրավունքները այդպես ի կատար ածել: Այնպես որ ցանկացած քաղաքացու, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները պարտավոր ենք հարգել: Կապված վերջին շրջանում որոշակի կոշտ դիրքորոշման հետ` կարծես թե այն, ինչ մենք լսում էինք խոսակցության մակարդակով եւ խոսքի առումով, սա եւս որոշակի փոփոխությունների եւ ձեւափոխումների է ենթարկվել` ավելի կոշտանալու տեսակետից: Ամեն դեպքում, այն, ինչ ասվել է նախագահականից, որ Րաֆֆին մերժել է այդ հանդիպումը, դա իրականություն է եւ այդ իրականությունից դուրս ցանկացած խոսք երեւի թե որոշակի կոշտություն կամ որոշակի երանգներ է փոխում: Ի՞նչ պետք է անի իշխանությունը. իշխանությունը զբաղված է իր գործառույթներով, իշխանությունը հարգանքով է վերաբերվում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ ցանկացած քաղաքացու իրավունքներին, եւ իշխանությունը միշտ էլ, գոնե վերջին ժամանակներս, բաց է եղել ցանկացած ողջամիտ առաջարկություն քննարկելու համար: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է սրճարանում կամ Ազատության հրապարակում [զրույցի], ես չեմ կարող նախագահի անունից խոսել եւ լիազորված էլ չեմ: Ես կարծում եմ, որ այս հարցի առնչությամբ պատասխանը չի ուշանա նախագահական նստավայրից:

«Ազատություն». - Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչն է խանգարում նախագահի իսկապես գնալ եւ սրճարանում Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպել:

Դավթյան. - Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ նախագահը չի ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը: Եկեք կանխակալ մոտեցում չունենանք: Ես ոչինչ չեմ բացառում, լավ կլինի, եթե սրճարանում հանդիպում լինի, եւ պարոն Հովհաննիսյանը օգտվի այս սրճարանի մատուցած ծառայություններից եւ դադարեցնի հացադուլը:

«Ազատություն». - Պարոն Դավթյան, Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հացադուլ է անում եւ ըստ էության, շատ վճռականորեն է տրամադրված, որ մինչեւ նախագահը չգա, շարունակելու է հացադուլը, ինչը կարող է եւ շատ տխուր վախճան ունենալ: Ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:

Դավթյան. - Միանշանակ է, որ բանական խոսքով, ըստ էության, պիտի որոշակի համաձայնության գան, բայց այդ համաձայնությունը, ինչպես բազմիցս նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չպիտի լինի զուտ անձնական հարաբերությունների մակարդակով: Դա պիտի միտված լինի որոշակի ինստիտուցիոնալ փոփոխությունների: Ընդդիմությունը պիտի ունենա այնպիսի լծակներ, որպեսզի մասնակից լինի այն հարցերի լուծմանը, որոնք իր կողմից բարձրացվում են: Եվ պատահական չէ, որ մեր կողմից նման առաջարկություններ եղել են: Գիտեք, որ Ազգային ժողովում խմբակցությունների միջեւ եւս եղել են բանակցություններ, բայց տապալվեցին, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց` այն, ինչ անում են, դա խորհրդարանականների խնդիրն է: Անհասկանալի էր նրա այդ հայտարարությունը, բայց, ինչեւիցե, նորից հարգենք նրա տեսակետը… ես կարծում եմ, որ, օրինակ, [կարելի է] սահմանադրական որոշակի բարեփոխումների հանձնաժողով ստեղծել, եւ այդ հանձնաժողովը հենց Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի, ինչու չէ, նաեւ որոշակի լծակների հարցը իրականում քննարկվի, որպեսզի չստացվի, թե հաղթողը ստանում է ամեն ինչ, եւ ընդհակառակը` պարտվողը ոչինչ չի ստանում: Ընդհանապես այդ «հաղթող», «պարտվող» բառերը մեր բառապաշարից պիտի հանենք, օգտագործենք «առաջին տեղ», «երկրորդ տեղ» գրաված թեկնածուներ հասկացությունները, եւ փորձենք իրականում երկրորդ տեղ գրաված թեկնածուին տալ հնարավորություն` նաեւ սահմանադրորեն ամրագրելով այդ հնարավորությունը: Օրինակ, ինչո՞ւ Արդարադատության խորհուրդը որոշակի առումով չհարստացնենք եւ այն ղեկավարի երկրորդ տեղը գրաված թեկնածուն: Կարելի մտածել, խոսել այս մասին, իշխանությունը պատրաստ է խոսել, իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն, որը միտված կլինի երկրի ապագային, այս քսան տարվա տեղապտույտը հաղթարահելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG