Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հույս է կապում Սահմանադրական դատարանի ընդունելիք որոշման հետ


Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 12-ին Ազատության հրապարակում գումարած ասուլիսում եւս մեկ անգամ կրկնեց, որ ինքը պատրաստ է այդ հրապարակում հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա հետ քննարկել ետընտրական զարգացումները։

Հովհաննիսյանը կրկին անգամ ասաց, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը նախապես շնորհավորած մեծ տերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեմ է անդամակցությանը այդ կառույցին, ինչպես նաեւ Մաքսային միությանը, սակայն կողմ է դիտորդական կարգավիճակով դրանց աշխատանքին մասնակցելուն։ Նրա խոսքերով, ընդհանրապես նախընտրելի է երկկողմ հավասար կապեր հաստատել թե՛ եվրոպական, եւ թե՛ ասիական կառույցների եւ դաշինքների հետ։

«Եթե ունենանք երկկողմ ցանցավորված անվտանգություն, ապա որեւէ տերություն մեզ հետ վերեւից չի խոսելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը պետք է դառնա քաղաքակրթությունների խաչմերուկ։

Վերադառնալով ներքաղաքական հարցերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում չի եղել ժողովրդական իշխանություն։ Նա նշեց, որ հույս է կապում ՍԴ-ի ընդունելիք որոշման հետ։

«Սահմանադրական դատարանն ունի փետրվարի 18-ի իրական պատկերը ներկայացնելու եզակի հնարավորություն եւ կարող է նախադեպային վճիռ հրապարակել»,- ասաց Հովհաննիսյանը եւ կրկնեց, որ եթե ՍԴ-ն այդ քայլին չդիմի, իսկ Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ չգտնի ինքնաբացարկ հայտնելու՝ «ապա ապրիլի 9-ին մենք կտոնենք նոր Հայաստանի երդմնակալությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG