Մատչելիության հղումներ

Գեղագիտական առումով գրադարանները չեն բավարարում այցելուների պահանջները


Գիրքը՝ կաթացող տանիքի տակ
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00

Երեւանում գործում է 34 գրադարան: Սակայն այդ գրադարաններից քչերն են այսօր բավարարում ընթերցողների պահանջները` հատկապես գեղագիտական առումով:

Ավետիք Իսահակայանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ այդ 34 գրադարանից 7-ը հանդիսանում են Իսահակյանի գրադարանի մասնաճյուղերը, սակայն որպես գեղագիտական վայր ու միջավայր ապահովող գրադարան ներկայանալի է միայն Իսահակայանի կենտրոնական գրադարանը:

«Այդ 7 գրադարաններից եւ ոչ մեկը, արդեն 30 տարուց ավելի, ոչ մի վերանորոգման աշխատանքներ այդ գրադարաններում չի կատարվել», - նշեց Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, գրադարանները ծառայում են ընթերցողներին մինչեւ նոյեմբեր ամիսը, իսկ ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով ընթերցասրահներում նստել, աշխատելն անհնարին է դառնում:

Ավետիք Իսահակյանի մասնաճյուղը հանդիսացող Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանին է հատկացված բնակելի շենքի նկուղային եւ առաջին հարկերը: Վարիչ Սուսաննա Սոսոյանը նշում է, որ ստիպված են գրքերը պահել նկուղային խոնավ պայմաներում:

«1993 թվականից ես աշխատում եմ այս գրադարանում, պայմանները բացակայում են, ջեռուցման խնդիրն ահավոր սուր է դրված, տարածքն էլ չեմ ասում: Վթարային պայմաններ նկուղում, իսկ նկուղում գրապահոց ունենալը մխիթարություն չի: Որքան էլ աշխատում ենք, որքան էլ ձգտում ենք սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծենք, դա մեզ չի հաջողվում: Կարծես մի ուրիշ դարաշրջանում ենք», - ասաց Սոսոյանը:

Սոսոյանը, սակայն, նշում է, որ վերանորոգումով խնդիրը չի լուծվի, քանի որ նաեւ տարածքի խնդիր կա. այսօր նույն սրահում սպասարկում են այցելուներին եւ այդ նույն սրահում երկու սեղան են հատկացրել ընթերցանության համար:

Այցելուների մեծ հոսք կա նաեւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 16 գրադարանում: Անցյալ տարի գրադարանն ունեցել է մոտ 2300 ընթերցող: Այստեղ կազմակերպվում են շնորհանդեսներ, երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ եւ այլն:

Գրադարանի տնօրեն Գայանե Միրիբյանը նշում է, որ ձմռանը գրադարանի կյանքը պասսիվանում է ցրտի ու խոնավության պատճառով. - «1989 թվականին է եղել վերջին վերանորոգումը, դրանից հետո մեր հարեւանները բարեխիղճ մեզ միշտ ջրել են, ջրելու են եւ կջրեն: Տեսնում եք ինչ ցուրտ է: Ինձ ասում են` մենք գումար ենք տալիս, դուք ջեռուցեք, բայց մեր լարերն այնքան հին են... 1953 թվականի շենք ա սա, այրվում ա, չենք կարողանում, երկու պլիտա որ միացնում ենք, արդեն ծուխն ու մուրը կապում ա, հո չենք հրդեհի»:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ անցյալ տարի վերանորոգվել է 4 գրադարան, թարմացվել են դրանց տեխնիկական հնարավորությունները, թվայնացվել են քարտարանները:

«Հիմնավոր անել գրեթե հնարավոր չի, ըստ իս, անհրաժեշտ է կոմպլեքս վերաբերմունք, քանի որ մեր գրադարաններից շատերը գտնվում են ոչ այնքան բանուկ հատվածում, անհրաժեշտություն կա ընդհանրապես շենքային լուծում տալ: Եվ այս կոսմետիկ վերանորոգումները, որքան էլ որ անհրաժեշտ լինեն, այնուամենայնիվ սա լուծում չէ, սա ժամանակավորապես նրանց կյանքը ձգելուն միտված քայլեր են», - նշեց Սուքիասյանը:

Անցյալ տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտ 12 գրադարանում անցկացվեց ջեռուցման համակարգ: Սուքիասյանը վստահեցնում է, որ այս տարի բոլոր գրադարաններում լուծվելու է ջեռուցման հարցը: Սակայն միջոցները չեն բավականացնում դրանք արդիականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG