Մատչելիության հղումներ

Տիգրան Մուկուչյան. Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան


Սահմանադրական դատարանը լսում է ընտրություններն անվավեր ճանաչելու գործով երկու դիմումները
Սահմանադրական դատարանը լսում է ընտրություններն անվավեր ճանաչելու գործով երկու դիմումները
Սահմանադրական դատարանում երեքշաբթի օրը շարունակվեց նախագահի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների ներկայացումը:

Նրանք վիճարկում են անցած նախագահական ընտրություններրը, որոնք, ըստ դիմումատուների, արժանահավատ չեն եւ պետք է անվավեր ճանաչվեն:

ՍԴ-ին այսօր իր փաստարկները ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանը: Նա դիմումից զատ նաեւ բանավոր պահանջեց նաեւ նոր ընտրություններ անցկացնել: Տարբեր աղյուսակների միջոցով Ղուկասյանը պնդեց, որ բոլոր 1988 տեղամասերում արձանագրված ընտրության արդյունքներին իր համար անարժանահավատ են: Ղուկասյանն ուսումնասիրել է 576 տեղամասերի արդյունքները, որտեղ եղել է 60 տոկոսից ավելի մասնակցություն, եւ այս տեղամասերում գործող նախագահը աննախադեպ բարձր ցուցանիշ է արձանագրել` 100, 98, 80 տոկոս: Ղուկասյանը մոտ 900 տեղամասերում էլ անճշտություններ է հայտնաբերել. ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը քվեարկած թերթից թվից կամ ավելի է, կամ պակաս:

«Լավ ընտրություն կազմակերպելը ոչ թե ընդդիմության գործն է, այլ պետության, որը նա չի կատարել», - հայտարարեց Ղուկասյանը` պատասխանելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի այն դիտարկմանը, թե նա ընտրության ընթացքին վերաբերող որեւէ դիմում-բողոք չի ներկայացրել, վստահված անձինք հանձնաժողովներում չի ունեցել:

Թեկնածուն նաեւ երգիչ Սերժ Թանկյանին ուղղված Սերժ Սարգսյանի նամակին անդրադարձ կատարեց, որտեղ գործող նախագահը գրել է, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Ղուկասյանը սա անթույլատրելի երեւույթ համարեց` նշելով, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը եւ ոչ թե գործող նախագահը:

«Սերժ Սարգսյանի այս նամակը արտահայտում է իր արժեքային համակարգը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ մտածել, որ երկրի նախագահը Հայաստանի համար պարտականություններ ստեղծող փաստաթղթերի բովանդակությունը չի ճանաչում», - հայտարարեց Ղուկասյանը:

Ընտրություններ կազմակերպելու մասին Թանկյանին գրած Սարգսյանի նամակի վերաբերյալ իր գնահատականները տվեց նաեւ ՍԴ-ում նախագահի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Չմոռանանք, որ նա մի կողմից նախագահի թեկնածու է, մյուս կողմից նա հանրապետության նախագահն է` պետության գլուխը, ով պարտավոր է ապահովել իշխանության բոլոր ճյուղերի բնականոն գործունեությունը: Այսօր սա չի կարելի՞ դիտել եւս որպես բնականոն գործունեության կազմակերպում. ես կարծում եմ` կարելի է», - ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը Սերժ Սարգսյանի մեկ այլ` Գյումրիում արած արտահայտության վրա հրավիրեց դատարանի ուշադրությունը: «Ինքան կուզենք, կխփենք»` Ղուկասյանը հիշեցրեց Սարգսյանի խոսքերը` ասելով, թե տոկոս «խփելը» նշանակում է հանձնարարություններ տալ:

Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Անդրիաս Ղուկասյանին պատասխանեց ԿԸՀ-ն:

«Դիմումները ենթակ են մերժման», - հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի դիմումին` Սմբատյանն ասաց` շատ փաստեր դիմումին ծավալ հաղորդելու համար են նշված: Հանձնաժողովի 15 651 անդամ ընտրություններից հետո ստորագրել են արձանագրությունները, ստացվել է ընդամենը մեկ հատուկ կարծիք: Ընտրությունների կատարյալին մոտ են անցկացվել, իր հերթին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` ընդգծելով, որ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ուղղակի հիմքեր չի տեսնում:

«Թեկնածուի ներկայացուցիչները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից անհաջող ծաղկաքաղ են արել: Բողոքներ չներկայացնելով հանձնաժողովներում` «Ժառանգության» անդամներ անգործություն են ցուցաբերել», - հայտարարեց Մուկուչյանը` պատասխանելով ԿԸՀ-ի հասցեին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների երեկվա` բառացիորեն նույն մեղադրանքներին, թե ԿԸՀ-ն ակնհայտ խախտումները տեսնելով օրենքի շրջանակներում քայլեր չի ձեռնարկել:

Ինչպես պարզվեց, վերջին երկու օրերին ՍԴ-ում ծավալվող իրադարձություններին չի հետեւում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց դատարանում գործող նախագահի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը պնդում են, որ ընտրությունները կազմակերպած տարբեր մարմինները գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար անօրինություններ են թույլ տվել:

«Պարոն Սարգսյանը, կարծում եմ, ունի շատ ավելի կարեւոր առաքելություն կատարելու, քան ՍԴ-ի նիստին հետեւելը», - ասաց Հարությունյանը:

Հարությունյանը երկու օր ՍԴ-ում լռում է, չի օգտվում կողմերին հարցեր ուղղելու իր իրավունքից:

«Կողմերը լավ չեն պատկերացնում, թե ինչ կարելի է ներկայացնել ՍԴ-ում, ուղղակի զրույց վարելուց ես զերծ մնացի», - ասաց Հարությունյանը:
XS
SM
MD
LG