Մատչելիության հղումներ

logo-print
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ն պատրաստ է միասնական ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը, սակայն, ընդգծեց, որ այդ ցուցակում «առանցքային տեղը» պետք է պատկանի ԲՀԿ-ին, եւ այն պետք է գլխավորի Վարդան Օսկանյանը:

«Հնարավոր համագործակցության, համախմբում պիտի տեղի ունենա «Բարգավաճ Հայաստան»-ի առանցքի շուրջը», - ասաց Զոհրաբյանը` նշելով, որ դա «ամբիցիոզ մոտեցում չէ». - «Ես համարում եմ իրատես մոտեցում: Իհարկե, մենք հարգում ենք նաեւ մեր բոլոր գործընկերների տեսակետները, որոնք կարող են չհամընկնել մեր մոտեցման հետ»:

«Բնականաբար, ցուցակը պիտի գլխավորեր «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը: Մնացած տարբերակները մենք պատրաստ էինք քննարկել: Քննարկել նաեւ հնարավոր համամասնությունները: Իսկ որ որոշակի առկա իրողություններ պիտի պահպանվեին նաեւ համամասնություններն ամրագրելիս, իհարկե դա այդպես է», - հավելեց նա:

Զոհրաբյանը շարունակեց, թե բանակցությունները այլ քաղաքական ուժերի հետ ավարտված չեն. - «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք: Մեր գործընկեր կուսակցությունները կարող են իրենց ներկուսակցական քննարկումները տանել եւ երեւի թե տանում են: Եթե կլինի արձագանք, մենք պատրաստ ենք սկսել համատեղ քննարկումները»:

Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է երեւանյան ընտրություններին` հաղթանակ տանելու համար. - «Ես չեմ ուզում, որ իմ հայտարարությունը հավակնոտ հնչի, բայց «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրություններին մասնակցում է ամենաբարձր նշաձողով: Քաղաքականության մեջ մեզ համար օլիմպիական մասնակցության սկզբունքը ընդունելի չէ»:

Պատասխանելով նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին` Զոհրաբյանն ասաց. - «ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է իր քաղաքական հայտարարության մեջ… Այո, մենք պիտի կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ ընտրությունների արդյունքները հավաստի եւ ընդունելի լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Եվ այսօր եթե կա բողոքական զանգված, եթե մարդիկ դուրս են գալիս փողոց` իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունը հայտնելու, այդ մարդկանց ձայնի հետ պիտի հաշվի նստել»:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցություններին միասնական ցուցակով մասնակցել մայրաքաղաքի ավագանու` մայիսի 5-ին նշանակված ընտրություններին:

Առայժմ հայտնի է, որ այդ ընտրություններին մասնակցելու են իշխող ՀՀԿ-ն, որի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր»-ը, որի ցուցակը գլխավորելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
XS
SM
MD
LG