Մատչելիության հղումներ

«Ընդդիմությունը կարող է իր դե ֆակտո հաղթանակը դարձնել դե յուրե»


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` հետընտրական այս զարգացումները ի վերջո հանգեցնելու են դրական հանգուցալուծման եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնելու է նախագահի պաշտոնը:

Այսօր կեսօրին Երեւանի Ազատության հրապարակում Հակոբյանը հայտարարեց, թե իշխանությունները դեռ չեն հասկանում` ինչ է իրականում կատարվում հանրապետությունում:

«Ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա թիմը, այլ հարյուր հազարավոր մարդիկ համոզված են, որ կեղծվել են ընտրությունները, իշխանությունը փակել է օրենքի բոլոր ճանապարհները, դրդում է դեպի բախումներ, դրդում է դեպի «ընդդեմի» պայքար: Ընդդիմությունը կարող է իսկապես իր դե ֆակտո արձանագրած հաղթանակը դարձնել դե յուրե: Վստահորեն ասում եմ, որ այս շարժումը անկասելի է», - հայտարարեց Հակոբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունն այլեւս անիրատեսական է համարում խորհրդարանում բանակցությունների սեղանի շուրջ նստելը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժերին, ապա Ռուբեն Հակոբյանի խոսքով` թեեւ աջակցության վերաբերյալ հայտարարություններ հնչում են, այդուամենայնիվ, միայն Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որ իսկապես այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է:

«Այլեւս հայտարարությունների ժամն ավարտված է. նրանք, ովքեր իսկապես ուզում են շարժման կողքին լինել, հարթակը սա է, կարող են այս հարթակից փոխանցել իրենց տրամադրությունները եւ կողմնորոշումները», - ասաց Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար տարօրինակ է, որ այսքանից հետո դեռ ասում են` Րաֆֆին ծրագիր չունի, նրա ասելիքը հասկանալի չէ:

«Ասում ենք` կեղծված են ընտրությունները, բռնազավթված է իշխանությունը, մենք ժողովրդին խոստացել ենք` դուք ձեր պարտքը կատարել, իսկ ժողովուրդը իր պարտքը կատարել է եւ քվեարկել է, մենք գնում ենք այդ ձայների հետեւից եւ ուզում ենք իսկապես Հայաստանում իշխանությունը ժողովրդի քվեով ձեւավորվի», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG