Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը արգելել է Հովհաննիսյանին վրան տեղադրել


Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում, Երեւան, 11-ը մարտի, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում, Երեւան, 11-ը մարտի, 2013թ.
Երեւանի քաղաքապետարանը արգելել է Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում, որտեղ նա մարտի 10-ից հացադուլ է սկսել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքապետարանը վրան թույլ չի տվել, քանի որ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքը իր հարակից տարածքով պատկանում է մշակույթի նախարարությանը, բացի այդ` կառավարությունն էլ այդ տարածքը ճանաչել է որպես պատմամշակութային արժեք։

«Այն, որ շենքը իրենից պատմամշութային արժեք է ներկայացնում, դա հասկանալի է, բայց որ Ազատության հրապարակում փռված ասֆալտը կամ, ավելի ճիշտ, հրապարակի տակ գտնվող ավտոկանգառի տանիքի ասֆալատը ճանաչվել է պատմամշակութային արժեք կառավարության կողմից, դա արդեն, կարծում եմ, Կաֆկայի համար շատ լավ գրելու նյութ կլինի», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք ծածկ թույլատրվո՞ւմ է տեղադրել, Մարտիրոսյանն ասաց, թե ծածկոցը թույլատրել են տեղադրել անձրեւների ժամանակ, բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջացել. - «Փաստորեն, ոստիկանությունը ունի հատուկ մեթոդոլոգիա, որով ինքը որոշում է, թե որ տեղումն է համարվում անձրեւ, որը՝ ոչ: Ժողովրդական լեզվով ասած` երբ դույլով ջուր է գալիս, դա անձրեւ է, բայց երբ կաթիլներ են թափվում, դա անձրեւ չէ, եւ այդ կաթիլներից, ըստ ոստիկանության, մարդիկ չեն թրջվում»։

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ այս գիշեր ոստիկանները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին ծածկ տեղադրել եւ պաշտպանվել անձրեւից. - «Ոստիկանությունը ասել է, որ դա անձրեւ չէ»:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տվել ծածկ տեղադրել, ասաց, որ երբ կլինի քաղաքապետարանի թույլտվությունը, այն ժամանակ էլ ոստիկանները կենթարկվեն այդ որոշմանը:

«Եթե որոշում չկա, ուրեմն` չի կարելի, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ հասկացել է, մոտեցել է իր աշխատողներին՝ ասելով, թե «մի վիճեք ոստիկանների հետ», - փոխանցեց Երեւանի ոստիկանապետը` հավելելով, որ այս գիշեր երբ անձրեւել է, մարդկայնորեն թույլ են տվել պահել ծածկոցը Հովհաննիսյանի գլխավերեւում, պարզապես թույլ չեն տվել տեղադրել այն:

«Տեղադրել չի կարելի, եթե թույլ տան՝ որեւէ խնդիր չկա, ոստիկանը պահում է հասարակական կարգը, ինչը որ օրինական լինի, մենք երկու ձեռքով կողմ ենք», - ասաց Ներսես Նազարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով վրանի տեղադրման հետ կապված խնդիրը, ասաց. - «Ոստիկանները իրենք իրենց ձեռքով պետք է տեղադրեն վրանը, եթե իրենց պարտականությունը կատարելու են` պաշտպանելու համար քաղաքացիների անվտանգությունը եւ առողջությունը: Իրենց եմ թողնում»:

Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել է վրան տեղադրել Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Բարեւ քաղաքապետին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG