Մատչելիության հղումներ

Սիրիայում առեւանգված ուկրաինացի լրագրողին «հաջողվել է փախչել»


Ուկրաինացի լրագրող Անխար Կոչնեւա, արխիվ
Ուկրաինացի լրագրող Անխար Կոչնեւա, արխիվ
Ուկրաինական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայում անցած տարվա հոկտեմբերին առեւանգված ուկրաինացի լրագրող Անխար Կոչնեւային հաջողվել է փախչել առեւանգողներից:

Լրագրողի հարազատները հայտարարել են, որ Կոչնեւան Դամասկոսում է եւ գտնվում է ապահով վայրում, թեեւ այդ տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:

Լրագրողին առեւանգող խմբի անդամները ներկայացել էին որպես «Սիրիայի ազատ բանակի» մարտիկներ, որոնք կռվում են ընդդեմ երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի:

Նոյեմբերին համացանցում տեղադրված տեսանյութում Կոչնեւան հայտարարում էր, թե ինքը ռուսական հատուկ ծառայության գործակալ է, եւ խնդրում էր կատարել առեւանգողների պահանջները: Պարզ չէ` լրագրողն ինքնակա՞մ էր նման հայտարարությամբ հանդես եկել, թե՞ նրան ստիպել էին:

Ավելի ուշ իրենց կայքէջում առեւանգողները լրագրողին ազատ արձակելու համար պահանջել էին 50 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG