Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Հռոմի պապի ընտրությունը


Վատիկան - Սուրբ Պետրոսի տաճարը Հռոմի պապի ընտրության նախօրեին, 11-ը մարտի, 2013թ.
Վատիկան - Սուրբ Պետրոսի տաճարը Հռոմի պապի ընտրության նախօրեին, 11-ը մարտի, 2013թ.

Այսօր ոչ ոք չի փորձում գուշակել, թե որ գույնի ծուխ կբարձրանա Սիքստինյան մատուռի տանիքի ծխնելույզից։

Կաթոլիկ եկեղեցու կարդինալների ժողովը` կոնկլավը, այսօր Վատիկանում սկսում է Հռոմի պապի ընտրությունը։

Երեկ երեկոյան Սիքստինյան մատուռում տեղի է ունեցել երդմնակալության հատուկ ավանդական արարողությունը` կարդինալները պարտավորվել են երբեւէ որեւէ պարագայում չհրապարակել կոնկլավի ժողովին վերաբերող տեղեկություններ. դա է Վատիկանում ընդունված կարգը։ Կարդինալների ժողովը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ընդամենը հաղորդում է իր վճիռը։

Ընտրությունը տեղի է ունենում վաղուց հաստատված կարգով. կարդինալները հավաքվում են հատուկ սրահում, որի դռները դրսից են փակվում։ Մեկ օրվա ընթացքում կարող է լինել միայն երկու քվեարկություն։ Ընտրական փուլում օգտագործված քվեաթերթիկներին ավելացնում են հատուկ նյութ, որն այրվելուց սպիտակ կամ սեւ ծուխ է արձակում, եւ եթե Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզից սեւ ծուխ է բարձրանում, ուրեմն Պապը դեռ չի ընտրվել եւ քվեարկությունը կշարունակվի։ Սպիտակ ծուխն էլ կազդարարի, որ մոլորակի 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկներն ունեն նոր առաջնորդ։ Ամբոխն այդ լուրին մեծ ուրախությամբ է արձագանքում, որոշ ժամանակ անց էլ նորընտիր Պապը պատշգամբից ողջունում է երջանիկ հավատացյալներին։ Այս կարգն ընդունել է 1274 թվականի Լիոնի ժողովը։

Բուն կոնկլավի աշխատանքին մասնակցում է կաթոլիկ եկեղեցու 208 ներկայացուցիչ, որոնցից 115-ը ունի ձայնի իրավունք։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու համար թեկնածու կարդինալը պետք է ստանա կոնկլավի անդամների առնվազն երկու երրորդի քվեները։

8 տարի առաջ գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը բավական արագ է ընտրվել` կոնկլավի երկրորդ օրը։ Նա հանգուցյալ Հովհաննես-Պողոս երկրորդի զինակիցն էր եւ Վատիկանում ղեկավարել է վարդապետության հարցերի գրասենյակը։ Ընտրություններից հետո նա իր համար ընտրել է Բենեդիկտոս 16-րդ անունը։ Այս տարվա փետրվարին նա հրաժարական ներկայացրեց։

Այս տարի ընտրությունն այդքան դյուրին չի լինի։ Հավանական թեկնածուների թվում են Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, Նյու Յորքի արքեպիսկոպոս Թիմոթի Դոլանը, կանադացի Մարկ Օլետը, հունգարացի Պետեր Էրդոն, բրազիլացի Օդիլո Շերերը, կա եւս մի քանի հավակնորդ։

«Միկրո-Մեգա» իտալական հանդեսի խմբագիր Պաոլո Ֆլորես դ՛Արսիսի խոսքերով` «այսօր, թերեւս, միայն Նոստրադամուսը կհամարձակվեր ստույգ ասել, թե ով այս անգամ կընտրվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG