Մատչելիության հղումներ

logo-print
Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե նախագահի նստավայրը «ստում է»` ասելով, թե ինքը մերժել է Սերժ Սարգսյանի` հանդիպման առաջարկը:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, թե նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է Հովհաննիսյանին` հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար:

«Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը։ Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե ֆակտո մերժման ճանապարհի վտանգները», - ասել էր Արմեն Արզումանյանը։

«Ժառանգության» առաջնորդը, մինչդեռ, պնդում է, որ այս հայտարարությունը սուտ է, եւ ինքը չի մերժել հանդիպման առաջարկը. - «Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որեւէ մի առաջարկ հանդիպման կամ հաղորդակցության: Ձեր նստավայրը ստում է, կեղծում է: Եվ ես հիմա ասում եմ` Ձեզ հարմար օր եւ ժամ հրավիրում եմ այդ զրույցը, այդ երկխոսությունը` այս համազգային տագնապը հաղթահարելու համար, բաց կամ փակ քննարկման: Որոշումը Ձերն է: Ես կողմ եմ բաց քննարկման… Բայց խաղ ու պար չլինի: Ես բաց եմ հաղորդակցության, բայց` ոչ ժողովրդին հեգնելու, ծաղրելու եւ սուտ տեղեկություն բաժանելու»:

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքը վիճարկող թեկնածուն հիշեցրեց, որ նախապես պատրաստակամության էր հայտնել գնալ նախագահի նստավայր եւ լսել Սերժ Սարգսյանի առաջարկությունները, բայց իրեն չհրավիրեցին: Եվ միայն երեկ հացադուլի մասին հայտարարությանը հետեւեց նախագահի գրասենյակ այցելելու հրավերը:

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հեռախոսազանգը երեկ ընդունել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ փոխանցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին սպասում է Ազատության հրապարակում:

Հարցին, թե ճգնաժամային իրավիճակում կգնա՞ նախագահի նստավայր, Հովհաննիսյանն արձագանքեց, թե կգնա միայն որպես ընտրված նախագահ. - «Ես հաջորդ անգամ կգնամ որպես ընտրված ներկայացուցիչ: Ես ինքս գնացել եմ, ես ինքս պատրաստակամություն հայտնել եմ նորից գնալու, բայց ներկա դրությամբ ժողովրդի հաղթանակը ճանաչելու, այս համազգային վիհը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխադարձ կամք եւ պատրաստակամություն: Եվ մինչեւ հիմա եղել է «զերո», «նուլ»… պարոն Սարգսյանից ես ստացել եմ ոչ մի բան: Սա արդեն իր հնարավորությունն է սթափ գնահատելու իրավիճակը»:

Արմեն Արզումանյանը, հիշեցնենք, այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, թե իրենք հույս էր ունեն, որ Հովհաննիսյանը գիտակցում է երկխոսության դե ֆակտո մերժման վտանգները: Անդրադառնալով նախագահի խոսնակի այս զգուշացմանը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. - «Դե ֆակտոն այս իշխանությունն է… Եվ թող ոչ մեկը կոշտ միջոցների կամ սթափ գնահատականի մասին չխոսի, եթե ինքը չունի այդ տղամարդկությունը, այդ հայրենասիրությունը, այդ շրջահայացությունը` ընդունելու, որ փետրվարի 18-ին գողացվեց ժողովրդի ձայնը»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում իր հայցի քննարկմանը` «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ եթե իր դիմումը չբավարարվի, ապա ինքը մինչեւ ապրիլի 9-ը կմնա Ազատության հրապարակում. - «Ապրիլի 9-ին այս երկարատեւ երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստանը»:

Ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հնչեցրեց իր պահանջները` «ճանաչել ժողովրդի հաղթանակը կամ նոր ընտրություններ անցկացնել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG