Մատչելիության հղումներ

Նրանցից շատերը պնդում են, թե իրենց ներկայությունը ամենեւին պետք չէ կապել քաղաքական ուղղվածության հետ. այն կարող է լինել զուտ քաղաքացիական դիրքորոշման դրսեւորում:

«Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե որպես արվեստագետ սրտացավ է իր երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ, նույնիսկ 2008-ին, դեմ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա եղել է Ազատության հրապարակում:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իր մտերիմն է ու հիմա էլ փորձում է ներկա լինել բոլոր հավաքներին. - «Որեւէ քաղաքական հայտարարություն չանելով` զորակցությունս հայտնում եմ ժողովրդին, որը ընդվզում է իր նկատմամբ կատարվող ապօրինությունների, ընտրակեղծիքների դեմ»:

«Սա զուտ մարդկային աջակցությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը` հավելելով. - «Հիմա եկել է մի պահ, երբ իսկապես հասարակությունը պահանջում է փոփոխություններ: Ավելի լավ պահ մեր հանրապետության նախագահի համար դժվար է պատկերացնել` եթե նա իրականում ուզում է կատարել այդ փոփոխությունները»:

Ռուբեն Բաբայանը շարունակելու է այցելել հրապարակ ու շարունակելու է պնդել իր հորդորը, թեպետ չի կարծում, որ այն կարող է մեծ ազդեցություն այս պահին ունենալ:

Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազամյանը, ով բամիցս նշել է, որ աջակցում է գործող նախագահին, չի հերքում, որ մի օր ինքն էլ կարող է որպես մարդ այցելել Հովհաննիսյանին եւ իր աջակցությունը հայտնել, սակայն դա չի նշանակի, որ նա «իր կողմից կլինի»:

Մազմանյանի համոզմամբ` արվեստագետի խոսքն այսօր այն ուժգնությունը չունի, ինչ ուներ ժամանակին, քանզի «բացակայում է ներքին պատասխանատվության զգացումը». - «Այ դա չեն գիտակցում մեր արվեստագետները: Ես կարծում եմ` շատ պատեհապաշտ են շատերը, շատ շահամոլ են շատ-շատերը»:

Հարցին, թե արդյոք իշխանական ուժերին սատարելն ավելի շահավետ չէ, Մազմանյանն արձագանքեց. - «Ով է ասել, որ ընդդիմադիր դաշտը քիչ փող ունի: Նույն «Բարգավաճ Հայաստան»-ը հիմա կիսաընդդիմադիր կեցվածք ունի… Դաշնակցությունը երբեք աղքատ չի եղել: Եթե նկատի ունենանք, որ հիմա գունավոր հեղափոխության գրասենյակներ են Երեւանում բացվել, ընդդիմադիրն է, պարզվեց, ձեռնտու»:

Գագիկ Գինոսյանը, մինչդեռ, պնդում է, որ ինքը եղել է միշտ ընդդիմադիր ու անգամ իր ընկերոջ` Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության գալու դեպքում իշխանամետ չի լինելու. - «Ես որեւէ պաշտոնի չեմ ձգտում»:

Դիտարկմանը, թե շատ արվեստագետներ գործող իշխանություններին պաշտպանում են պաշտոնը չկորցնելու վախից` Արմեն Մազմանյանն արձագանքեց. - «Շատ փոքր արգումենտ է, որը հիմք լինի, որ ես պաշտպանեմ Սերժ Սարգսյանին: Ավելի կարեւոր, ինձ համար թանկ բաներ կան` 90-91 թվականից ի վեր այդ մարդու կյանքում ինձ կապող, որի համար ես իմ ձայնը տալիս եմ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG