Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սկսեց քննել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը


Սահմանադրական դատարանը սկսեց քննել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

Սահմանադրական դատարանը սկսեց քննել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր ժամը 10-ին սկսեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը` բանավոր ընթացակարգով։ ՍԴ-ն նաեւ աշխատակարգային որոշում է ընդունել միավորել Հովհաննիսյանի եւ նախագահի մեկ այլ թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործերը, քանի որ դրանք վերաբերում են նույն հարցին, եւ քննել դրանք դատարանի նույն նիստում։

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները իրենց դիմումում վկայակոչում են Սերժ Թանգյանին գրած նամակում Սերժ Սարգսյանի մտքերը, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Նաեւ` որ պաշտոնական արդյունքներով հաղթած թեկնածուի հիմնադրամի նախընտրական ծախսերը գերազանցել են սահմանված 100 միլիոնը, ինչը պետք է հիմք տար ԿԸՀ-ին` դիմել դատարան` թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անգործություն է ցուցաբերել: Նրանք պնդում են նաեւ, որ չկա հանրապետությունից բացակայողների եւ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների վերահսկողություն: Նշում են, որ չի հրապարակվում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը:

Նրանք «հիմնավար կասկածներ» հայտնեցին, որ եղել են ուրիշի փոխարեն քվեարկություններ, լցոնման դեպքեր, ուղղորդված քվեարկություն:

«Ընտրությունների կազմակերպման ընթացքում հասարակությունում տիրող անվստահության, ընտրությունների արդյունքների կանխորոշվածության, համակարգային բնույթ ունեցող բազմաթիվ ընտրախախտումների առկայության պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքներն արժանահավատ չեն, հանրության կողմից որպես այդպիսին չեն ընդունվում եւ անվստահություն ու լարվածություն են առաջացնում», - դատարանում հայտարարեց Հովհաննիսյանի ներկայացուցիչներից Կարեն Մեջլումյանը` հավելելով, որ մերժվել են կոնկրետ ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու 120 դիմումները. - «Լցոնումների հետ կապված ապացույցը կարող էր ապացուցվել այդ վերահաշվարկ ասվածի դեպքում: Այսինքն` պարկերը պետք է բացեին, ստորագրությունները համեմատեին եւ կպարզվեր, լցոնումներ եղե՞լ են, թե՞ ոչ»:

Սահմանադրական դատարանի անդամները պահանջում էին փաստեր. օրինակ` ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրությունների արդյունքը չի վիճարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

«Սահմանադրական դատարանը կարո՞ղ է ենթադրությունների հիման վրա որոշում կայացնել», - արձագանքեց ՍԴ անդամներից մեկը:

Ի պատասխան Մեժլումյանն ասաց. - «Կան ընտրատարածքներ, որտեղ 50 տոկոսին մոտ անձինք են մասնակցել ընտրողներից եւ այդտեղ նորմալ ձայների բաշխում կա: Երբ 80-90 տոկոսի է հասնում, կամ 70 տոկոսի, էականորեն փոփոխվում է այդ բաշխումը եւ ամբողջությամբ գնում է գործող նախագահի օգտին»:

Հովհաննիսյանի ներկայացուցիչները նշեցին, որ միջնորդելու են դատարանին բացել որոշակի ընտրատարածքներ` իրենց ասածը հիմնավորելու համար:

ՍԴ անդամներից Արեւիկ Պետրոսյանը հարցրեց, թե ինչպես է գնահատում Րաֆֆի Հովհհանիսյանը իր հազարից ավելի վստահված անձանց աշխատանքը` ակնարկելով, թերեւս, որ քվեարկության օրը այդ անդամները դիմում-բողոքներ, հատուկ կարծիքներ չեն ներկայացրել:

«Համատարած ճնշումները եւ համատարած խայտառակ միջոցառումը, որը կոչվում էր ընտրական գործընթաց, այդ ժամանակահատվածում չէր կարող ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանին լիարժեքորեն տվյալ ընտրատարածքում: Եվ նույնիսկ` վստահված անձինք», - արձագանքեց «Ժառանգության» առաջնորդի ներկայացուցիչներից Զարուհի Փոստանջյանը:

Հակադարձելով դատաքննությանն իբրեւ երրորդ կողմ մասնակցող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դիտարկմանը, թե մեծ թվով ընտրողներ ունեցող ընտրատեղամասերի վերաբերյալ ընդդիմադիրների պնդումների հիմքում ընկած է հավանականության տեսությունը («մարդահամար հո չե՞ք անցկացրել, թե որ գյուղում քանի ընտրող կարող էր գնալ ընտրատեղամաս»)` Փոստանջյանն ասաց. - «Սյունիքի մարզում եղել եմ երեք գյուղերում, որտեղ Սերժ Սարգսյանը «խփել էր» 80-90 տոկոս, եւ այդ գյուղերում գրեթե 50 տոկոսից ավելի բնակչությունը բացակայում է: Այդ ե՞րբ հասցրեցին: Դա հավանականության տեսություն չէ, դա ապացույցների հիման վրա ներկայացված փաստեր են»:

Իբրեւ պատասխանող ՍԴ-ում հանդես եկող ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը դահլիճից դուրս լրագրողներին ասաց. - «Եթե կողմը գալիս է դատարան, դատարան պետք է բերել փաստարկված ապացույցներ եւ ոչ թե սեփական տեսակետ, կարծիք, մոտեցում, ենթադրություն»:

Սահմանադրական դատարանի նիստը կշարունակվի վաղը: Որոշումը ՍԴ-ն պետք է ընդունի մինչեւ գալիք ուրբաթ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG