Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը տանում են սրացման։

«Րաֆֆիի քայլերին եթե նայենք, թեեւ բարեւի, բարության մասին է խոսում, սակայն տանում է սադրանքի, տանում է ապակայունացման, սրացման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով կիրակի օրը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը եւ հացադուլ սկսելու մասին հայտարարությունը, նշեց Սահակյանը, - «Ինչ վերաբերում է հացադուլին, ապա դա շանտաժ է, վերջնագրի լեզվով խոսել է, որը անընդունելի է։ Եթե ինչ-որ մեկը ասում է՝ իմ դիակի վրայով, դա հայ քաղաքացու, ժողովրդավարությունից խոսող մարդու մտածելակերպ չէ, սա տանում է սրացման։ Պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկվեն, քանի որ չենք կարող պետությունը վերածել անարխիայի, երբ յուրաքանչյուր մարդու մտքով ինչ հակաօրինական, հակասահմանադրական քայլ անցնի՝ իրականացնի»։

Հարցին, թե ինչ են նշանակում կտրուկ միջոցները, Հովհաննես Սահակյանն ասաց, թե իշխանությունները առայսօր հանդուրժող են եղել, եւ թույլ են տվել առանց օրենքով նախատեսված կարգով իշխանություններին իրազեկելու հանրահավաքներ անցկացնել ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում։

«Այսուհետեւ չպետք է ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի սադրանքներին», - հայտարարեց Սահակյանը, նշելով, որ Հովհաննիսյանին պետք է «թույլատրել իրականացնել իր քայլերը միայն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում»։

«Նա անարգում է ողջ իրավական համակարգը, չհարգելով ՍԴ ներկայացրած իր իսկ դիմումը, չսպասելով ՍԴ վերջնական որոշմանը, նմանատիպ հայտարարություններ է անում։ Եզրակացնում ենք, որ այս ամենը արվում է հետագայում սադրանքներ անելու համար», - հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG