Մատչելիության հղումներ

Մարտի 9-ի մամուլ


Lragir.am էլեկտրոնային պարբերականը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ մարտի 10-ի հանրահավաքը լինելու է բեկումնային: Նախորդ հանրահավաքներին էլ կարծես թե նման ժամկետներ ու խոստումներ էին հնչում: Օրինակ, մարտի 5-ին նա սպասում էր Սերժ Սարգսյանին, ով պետք է գնար Ազատության հրապարակ եւ հրաժարական տար: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան միամիտ չէ, որ մտածեր, որ Սերժ Սարգսյանը գնալու է Ազատության հրապարակ ու հրաժարական տա: Կամ երբեւէ այդպիսի քայլի կդիմի: Րաֆֆին պետք է խոսի, հակառակ դեպքում, մարտի 10-ի հանրահավաքը կարող է վերջինը լինել շարժման տրամաբանության տեսանկյունից, եւ տրանսֆորմացվել «ընդդիմադիր ավանդական պայքարի»: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դասի բազմաթիվ թերություններից մեծագույնը խոսքի արժեքն է, ավելի ճիշտ՝ խոսքի արժեքի գիտակցման բացակայությունը: Քաղաքական դասի միջավայրում ընդունված կարծրատիպերից մեկն էլ այն է, որ քաղաքականությունը խաբելու արվեստ է: Հենց դա է հայկական քաղաքական դասի պարտության պատճառը, որի հետեւանքով երկրի քաղաքական իշխանությունն անցավ կրիմինալին եւ օլիգարխիկ շրջանակներին: Մարդկանց չի կարելի խաբել եւ լքել, կողմնորոշելու եւ որոշելու իրավունքը վերապահելով ինքզինքը: Իսկ հայկական ընդդիմությունները մինչ օրս միայն դրանով են զբաղվել, տալով կեղծ խոստումներ եւ անիրական մեխանիզմներ: Պետք չէ մոռանալ՝ ի սկզբանե խոսքն է եղել: Եւ դրա բնույթից է կախված՝ մարդիկ կհավատան, թե ոչ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձում է կանխատեսել, թե ինչպիսին կլինի առաջիկայում ձեւավորվելիք նոր կառավարությունը. - «Հիմնական հարցը, բնականաբար, այն է, թե ով պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը: Խնդիրն անձերը չեն, խնդիրն այն է, որ հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրը տնտեսության ղեկավարման որոշակի մոդել է մարմնավորում եւ կախված նրանից, թե ով կլինի հաջորդ վարչապետը, կարելի է անսխալ որոշել, թե ինչ ուղղությամբ է Սերժ Սարգսյանը մտադիր զարգացնել Հայաստանի տնտեսությունը»: Թերթը վարչապետի չորս հնարավոր թեկնածուներ է դիտարկում` Տիգրան Սարգսյան, Կարեն Կարապետյան, Հովիկ Աբրահամյան եւ Արմեն Սարգսյան. - «Տարբերակները շատ չեն. Սերժ Սարգսյանը անձերի առումով գուցե մեծ ընտրություն ունի, բայց մոդելների առումով ընտրությունը մեծ չէ: Այնպես որ մնանք սպասող ապրիլի 9-ին, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ հրաշքով հաջողացնի չվերցնել իշխանությունը»:

«168 ժամ»-ը գրում է. - «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հայտարարեց, որ 2015 թվականից սկսած՝ կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալների ներհոսքը Ռուսաստան: Կարծում ենք՝ կարիք չկա նշել, որ նշված միությանն անդամակցելու հարցը եւ Ռուսաստանի թափանցիկ ակնարկը վերաբերում է նաեւ Հայաստանին: ՀՀ իշխանությունները մինչ օրս ձգձգում են պատասխանը: Եվ ինչպես երեւում է՝ ռուսները հոգնել են համոզելուց եւ որոշել են անցնել կոնկրետ գործողությունների: Պուտինը, ըստ էության, նշել է պատժի կոնկրետ մեխանիզմը, որը կարող է կիրառվել «անհնազանդ» հանրապետությունների նկատմամբ: Իսկ վտանգը բավականին լուրջ է։ Աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը կարող է առանց չափազանցության տնտեսական աղետի առաջ կանգնեցնել Հայաստանին: Ընդամենը նշենք, որ պաշտոնական տվյալներով, միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2012 թվականին կազմել է շուրջ 1.4 միլիարդ դոլար: Բացի այդ՝ աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում գործազուրկ տղամարդկանց թիվը կմեծանա մի քանի հարյուր հազարով: Իսկ դա արդեն ոչ միայն տնտեսական առումով է վտանգավոր, այլեւ քաղաքական: Փաստորեն՝ Ռուսաստանը կարող է Հայաստանում ցանկացած պահի ձեւավորել դժգոհների մի քանի հարյուր հազարանոց բանակ, որն իր բոլոր դժբախտությունների համար մեղադրելու է գործող իշխանությանն ու նրա վարած արտաքին քաղաքականությանը: Ի դեպ, սա Ռուսաստանի պատժիչ զինանոցի մի մասն է միայն: Ամեն դեպքում՝ մեզ եւ մյուսներին 2 տարի ժամանակ են տվել կողմնորոշվելու համար՝ մինչեւ 2015 թվականը: Թե ի՞նչ կլինի երկու տարի անց՝ կախված է նրանից, թե այսօրվանից սկսած ի՞նչ քաղաքականություն կշարունակեն իրականացնել Հայաստանի իշխանությունները: Եթե շարունակեն այնպես, ինչպես մինչեւ օրս, ապա աշխատանքային միգրանտների թիվը գնալով կմեծանա եւ 2 տարի անց Հայաստանն ավելի շատ կախված կլինի Ռուսաստանից, քան այսօր: Իհարկե, կա նաեւ մյուս տարբերակը. իշխանություններն իրականացնում են լուրջ եւ արմատական բարեփոխումներ՝ կայացնում լիարժեք դատաիրավական համակարգ, հաստատում օրենքի իշխանություն, ստեղծում նորմալ բիզնես միջավայր, պայքարում են կոռուպցիայի դեմ, եւ այլն: Այս ամենի արդյունքում՝ ներդրումների հոսքը (ոչ Ռուսաստանից) իրոք կավելանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ հայաստանցիները «խոպան» գնալու կարիք չեն ունենա: Այս տարբերակը խիստ ռոմանտիկ է թվում (մանավանդ՝ ընտրություններից հետո), սակայն միանշանակ հնարավոր եւ իրատեսական է: Եթե, իհարկե, երկրի ղեկավարները առաջնորդվեն ոչ թե նեղ խմբակային, այլ պետական շահերով»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG