Մատչելիության հղումներ

Մահացել է նկարիչ Հակոբ Հակոբյանը


Հակոբ Հակոբյանը իր արվեստանոցում, լուսանկարը` Armenian reporter-ի
Հակոբ Հակոբյանը իր արվեստանոցում, լուսանկարը` Armenian reporter-ի
Կյանքի 89-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նկարիչը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

«Ստեղծվում է կառավարական հանձնաժողով: Դեռ պարզ չէ, թե հոգեհանգստի արարողությունն ու հուղարկավորությունը երբ կլինի. ԱՄՆ-ից Հայաստան պետք է ժամանի նկարչի դուստրը», - ասաց Նկարիչների միության նախագահը:

ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1971թ.թ.) Հակոբ Հակոբյանը 2001-ին ճանաչվել է Երեւանի պատվավոր քաղաքացի: 1923 թվականին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) ծնված նկարչի մասին Հայաստանում տեղեկացել միայն 1960-ին, երբ նա Հայաստանի պետական պատկերասրահին նկար էր ընծայել ու դրան անդրադարձել էր մամուլը: 1962-ին Հակոբյանն ընտանիքով հայրենադարձել էր Հայաստան։

Նկարիչն իր մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Հակոբյանի հայտնի նատյուրմորտներից են` «Կինը խոհանոցում», «Դերձակը», «Սխտորներ», «Վիշտ» եւ այլ հայտնի աշխատանքներ:

Հայտնի նկարչի մահվան կապակցությամբ Հակոբյանների ընտանիքին այսօր ցավակցական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի եւ մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ եւ անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձեւավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող նկարիչ: Նա եկավ իր եւ մեզ համար բացահայտելու մի նոր՝ հակոբյանական Հայաստան եւ իր մշտական ներկայությունն ապահովեց հայ կերպարվեստի պատմության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, մերձավորներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», -ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG