Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է մարտի 10-ի իր հանրահավաքում հանդես գալ հայտարարությամբ, որը, ինչպես ընդդիմադիր գործիչը ձեւակերպեց, ցույց կտա ապագա ճանապարհը։

«Հրապարակում լինի մեկ, հազար, թե միլիոն մարդ՝ ես կխոսեմ», - այսօր Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ վաստահեցնելով, որ այդ ելույթից հետո Սերժ Սարգսյանն այլընտրանք չի ունենա։

«Դրանից հետո իմ կողմից հարգված Սերժ Սարգսյանը, ով գործող նախագահ է մինչեւ ապրիլի 9-ը, բայց դրանից հետո՝ չէ, ինքը ոչ թե իմ պահանջով պիտի ինքնաբացարկ տա, այլ ինքը պիտի խնդրի ժողովրդից, որ՝ թույլ տվեք, որ ես հրաժարական տամ», - հայտարարեց Հովհաննիսյանը։

Կիրակնօրյա հանրահավաքին զուգահեռ՝ նույն ժամին, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ լինելու են Սյունիքի մարզում, այցելելու են Սյունիքի մարզպետին, գնալու են Կապան եւ, Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ «պահանջելու են Հայաստանի արդարությունը, ազատությունը եւ ազատագրումը»։ Նույն խումբը նաեւ այցելելու է Սյունիքի մարզի Ծավ գյուղ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության պաշտոնական տվյալներով հաղթել է, եւ այժմ Ծավի գյուղապետի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

«Պիտի տեր կանգնենք այդ գյուղապետին, որ բերեց հաղթանակ Ծավ գյուղին», - այցելության նպատակը պարզաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ - «Միեւնույն ժամանակ մեր ներկայացուցիչները գնալու են պարոն Աբրահամյանի մեյդան, որը իր սեփականությունը չէ։ Արտաշատը մեր հնամենի մայրաքաղաքն է եւ մենք գնալու ենք այնտեղ նույն մարզպետին, նույն Աբրահամյանին ասելու համար, որ սա մեր քաղաքն է, մեր երկիրն է», - հավելեց ընդդիմադիր առաջնորդը։

Շաբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ուղեւովում է Գեղարքունիքի մարզ, կլինի Վարդենիսում, Մարտունիում, Գավառում եւ Սեւանում։

«Այս մարզում հատուկ վախի մթնոլորտ է, բայց մեր ժողովուրդը չի ընդունում այդ վախը, այդ սպառնալիքը, եւ պարոն Լիսկայի նման Գեղարքունիքի մարզպետը հրաժարական պիտի տա», - հայտարարեց նա։

Այսօր ամփոփելով մարզային այցելությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ վերելք է տեսնում։

Այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը մեծացել է, եւ նախագահ լինելը շատ լավ բան է, ըստ երեւույթին` մանկության երազի տեսքով են ներկայացնում, որը անհեթեթ է»։

«Ոչ միայն երիտասարդները մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ են ասում, այդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս, բայց ինքը վաղը արդեն փոքրամասնության մեջ է։ Ընդունեք Ձեր տեղը, պարոն Սահակյան», - ասաց Հովհաննիսյանը, - «Չգիտեմ նրա երազանքը ինչ է, բայց իմ երազանքը այն է, որ ես պիտի ապրեմ այնքան, որ ես տեսնեմ, որ իմ երկիրը, մեր երկիրը ազատ է, անկախ է, միացյալ է եւ սահմանադրական»։

Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց՝ Մինսկի խմբում համանախագահող պետություններից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից եկած «հակաժողովրդական ու ամոթալի» շնորհավորանքներից հետո ինքն այլեւս չի ճանաչում այդ խմբի գործառույթները։

Ընդդիմադիր առաջնորդը այսօր նաեւ ներկայացրեց իր եւ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման մանրամասները, ասաց՝ պահանջ է դրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդի կամքը։

Ինչպես Լամմերթը, այնպես էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ։

«Ինձ ասում են անծրագիր է, անկանոն է, թե ինչ է... թող հստակ լինի, որ անկասելի է», - Ազատության հրապարակի ամբիոնից այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
XS
SM
MD
LG