Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեսպանը` ընդդեմ հայ լոբբիստների


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ պաշտոնապես բողոք է ներկայացրել Ամերիկա - իսրայելական հանրային գործերի կոմիտեին` Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի վերջերս արած հայտարարությունների կապակցությամբ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` հիշյալ կազմակերպության համաժողովի նիստերից մեկի ժամանակ, որի խորագիրն էր «Նոր դաշնակիցներ. Իսրայելը եւ Հարավային Կովկասը», ադրբեջանցի դիվանագետը Իսրայելի աջակիցներին կոչ էր արել «չընկնել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցության տակ»։

Ամերիկա - իսրայելական հանրային գործերի կոմիտեին երեկ հղած նամակում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շեշտել է, որ «Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերությունների ամրապնդումը չի ներառում բռնապետական ռեժիմներին սատարելը»։

Համբարյանը կոմիտեին կոչ է արել վերագնահատել համագործակցությունը Ադրբեջանի ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւի հետ` «բռնապետ, որը, երկրորդելով Հոլոքոսթի ժամանակաշրջանում հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի թունոտ հայտարարություններին, բացահայտորեն հայտարարել է, թե «աշխարհի հայերը» իր թշնամիներն են»։ Այդ, ինչպես եւ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ իր այլ հայտարարություններով Ալիեւը «հարձակվել է Հայաստանի բուն գոյության իրավունքի վրա` մի լեզվով, որը սարսափեցնելու չափ նման է Իսրայելը ոչնչացնել ձգտողների լեզվին»։

Հայ դատի գրասենյակը, վկայակոչելով իր աղբյուրները Միացյալ Նահանգների Կոնգրեսում, փոխանցում է նաեւ, որ Ադրբեջանի դեսպանը ամերիկացի կոնգրեսականներին հորդորել է չմասնակցել Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Կոնգրեսի շենքում կայանալիք միջոցառմանը, որը նախաձեռնել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախումբը։

«Դեսպան Սուլեյմանովը շատ բան ունի սովորելու Ամերիկայի մասին, եթե կարծում է, թե իր հուսահատ սպառնալիքները կարող են ազդեցություն ունենալ մեր Կոնգրեսի դահլիճներում», - այդ կապակցությամբ ասել է, մասնավորապես, Արամ Համբարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG