Մատչելիության հղումներ

Կանայք այսօր «ի զորու են ստեղծել քաղաքականություն»


Կարինե Աճեմյանը (ձախից) եւ Անուշ Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երեւան, 8-ը մարտի, 2013թ.

Կարինե Աճեմյանը (ձախից) եւ Անուշ Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երեւան, 8-ը մարտի, 2013թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար անդամ Անուշ Սեդրակյանի համոզմամբ, մեր օրերում կանանց` որպես «ծանր հրետանի» առաջ են մղում, որպեսզի նրանք «բարձրաձայնեն տղամարդկանց պոստուլատները»:

«[Կանայք] Արդեն հավասարապես քննադատաբար են վերաբերվում թե' իշխանական պոստուլատներին, թե' ընդդիմադիր պոստուլատներին. այսպիսի միջավայրում կանանք ի զորու են ստեղծել քաղաքականություն», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սեդրակյանը:

​Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), թեեւ կարծում է, որ քաղաքականությունը ավելի տղամարդկանց ոլորտն է, այդուհանդերձ արձանագրում է, որ այսօր այդ դաշտում հայտնվել են շատ «խելացի ու ակտիվ կանայք»:

«Կանանց հանդեպ շատ ավելի մեծ են պահանջները», - հայտարարեց նա` պարզաբանելով. - «Այն, ինչ կարելի է ներել տղամարդկանց քաղաքականությունում, կանանց շատ քիչ է ներվում»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար կին քաղաքական գործչի համար կարեւորը սկզբունքային լինելն է: Նրա խոսքով` քաղաքական կյանքում «ցանկացած իրազեկ, խելացի կին «շատ կարեւոր դերակատարություն ունի». - «Նաեւ իրենց բնազդով կարող են մեծ աջակցություն ունենալ ցանկացած գործի լուծման համար»:

«Ժառանգության» ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյան

«Ժառանգության» ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյան

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե անցած նախագահական ընտրություններում թեեւ առաջադրման փուլում շրջանառվում էին կին թեկնածուների անուններ, նրանցից ոչ մեկը, սակայն, չառաջադրվեց, եւ հարցին, թե մինչեւ ուր են հասնում կանանց ձգտումները, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. - «Կինը ձգտում է առավելագույն պրոֆեսիոնալիզմի եւ առավելագույն իրատեսության: Գնալ ընտրությունների միայն նրա համար, որ դու կին ես, դա իրատեսական չէ եւ պրոֆեսիոնալ չէ: Զուտ գենդերային մասնակցությունը ես համարում եմ մի յուրատեսակ արհամարհանք կնոջ նկատմամբ»:

«Մեզ իրականում պետք են խելացի, կազմակերպված կանայք, ովքեր կարող են քաղաքականության մեջ իրենց խոսքը ասել», - հավելեց Աճեմյանը:

Նույն հարցի կապակցությամբ Զարուհի Փոստանջյանը` հարկ համարելով ճշտել, որ ինքը դեմ է նախագահական կառավարմանը, ասաց, որ վարչապետական կառավարման համար այսօր կան խելացի եւ իրազեկ կին գործիչներ. - «Կարծում եմ, որ մենք ունենք այդպիսի կանայք, ովքեր կարող են ստանձնել նման պատասխանատվություն եւ հաջողությամբ իրականացնել այդ ծրագիրը, որը բոլորինս է»:
XS
SM
MD
LG