Մատչելիության հղումներ

Այսօր Կանանց տոնն է


Կանանց տոնը Երեւանում, արխիվ
Կանանց տոնը Երեւանում, արխիվ
Մարտի 8-ին Հայաստանը, ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, նշում է Կանանց տոնը։

Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է. - «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն եւ հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ»:

«Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ եւ ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

«Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ եւ վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։

Տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց եւ օրիորդներին` Մարտի 8-ի տոնական առիթով: Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին եւ գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգեւոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով»:

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի եւ իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին», - ասված է Վեհափառի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձով են հանդես եկել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG