Մատչելիության հղումներ

Մարտի 8-ի մամուլ


Կանանց միջազգային տոնի առթիվ «Հայոց Աշխարհ» թերթի հոդվածագիրը խորհրդածում է. - «Այսօր, Մարտի 8-ին, ճիշտ ժամանակն է անդրադառնալ աշխարհի ամենաառեղծվածային երեւույթներից մեկին՝ կանացի տրամաբանությանը: Դեռեւս անցած դարավերջին ամենակարկառուն ուղեղներն արձանագրեցին. տղամարդկային ռացիոնալ տրամաբանության վրա հիմնված աշխարհը սպառել է իր ներուժը։ Տղամարդկանց գրած դասագրքերի ոչ մի օրենք չի բացատրում այս աշխարհի պարադոքսները։ Բացառություններն ավելի շատ են, քան կանոնները։ Ինքը կյանքն է հերքում առաջին հայացքից կուռ եւ տրամաբանական վերացական տեսությունները։ Ահա եւ ստացվում է, որ կանացի մտածելակերպը միակ ելքն է առաջադեմ ողջ մարդկության համար։ Այդ ճանապարհով են, իրենք էլ չգիտակցելով, արդեն քայլում ե՛ւ քաղաքականությունը, ե՛ւ գրականությունը»։

«Ժամանակ» թերթը «շատ թույլ» է գնահատում Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական ցուցակը գլխավորող եռյակը` Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան, Հովհաննես Թոքմաջյան: Թերթը բխեցնում է. - «Սերժ Սարգսյանը կփորձի կազմել այնպիսի ցուցակ, որ Տարոն Մարգարյանը գոնե այդ ցուցակի ֆոնին մի քիչ ընդգծվի որպես առաջնորդ, որովհետեւ ընդհանրապես քաղաքապետական աշխատանքի ֆոնին Մարգարյանը ընդգծվել է որպես Սերժ Սարգսյանի քարոզչական տեխնոլոգիաների մի մասնիկ ընդամենը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը նաեւ հուշում է այն մասին, որ կուսակցության ներսում իսկապես թեժ են վեճերը համամասնական ցուցակի շուրջ, եւ Սերժ Սարգսյանը գտել է դրանք հաղթահարելու ամենաօպտիմալ ձեւն ու ըստ էության ձեւավորելով խիստ ապաքաղաքական եռյակ` փաստորեն վեճերը հանգուցալուծել է ոչ մեկին սկզբունքով, թեեւ եթե դատելու լինենք ըստ էության, ապա սա հենց Սերժ Սարգսյանի եռյակ է` նկատի ունենալով Տարոն Մարգարյանից հետո շախմատիստ Լպուտյանին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է»:

«Հնարավո՞ր է արդյոք հաղթել Երեւանի ավագանում ընտրություններում», - հարց է տալիս «Չորրորդ ինքնիշխանություն»-ը ու ինքն էլ պատասխանում. - «Եթե չորս քաղաքական ուժերը միավորվեն, հաղթանակի հավանականությունը գրեթե 100 տոկոս է: Նախ` միասնակաբան ավելի հեշտ կլինի վերահսկել ընտրությունները եւ կեղծիքներ թույլ չտալ, երկրորդ` ընդդիմությունը Երեւանում ավանդաբար ավելի շատ ձայներ է ստանում, երրորդ` իշխանությունների համար շատ ավելի բարդ կլինի բացակա ընտրողների ձայները յուրացնելը եւ այլն: Մյուս կողմից, սակայն, բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական չորս ուժերի միավորումը շատ բարդ խնդիր է, մանավանդ որ այդ ուժերի միջեւ նաեւ գաղափարախոսական սկզբունքային տարբերություններ կան»: «Հայաստանում ստեղծվել է ինչ-որ առումով աննախադեպ իրավիճակ: Այն է` ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ գրեթե 100 տոկոսով երաշխավորված հաղթանակի հասնել: Եվ քանի որ հաղթանակի հավանականությունը շատ մեծ է, քաղաքական ուժերը կարող են եւ իրենց «նեղություն տալ» ու գոնե ժամանակավորապես հրաժարվել ամբիցիաներից: Եթե դա չստացվեց` տուժելու են բոլորը», - եզրակացնում է թերթը:

«Հրապարակ» օրաթերթն ընդհանրացնում է. - «Մի քանի տարուց կլրանա ընտրությունները կեղծելու ավանդույթի «հիմնադրման» 20 տարին: Տարեցտարի փնթփնթան ծերունու նման մեր հասարակությունը բողոքում է անարդար ընտրություններից, բայց անկարող ու անուժ ծերունու նման ոչինչ չի ձեռնարկում այդ հարցը լուծելու համար: Թերեւս այս պարագայում սխալ է հասարակությանը մեղադրելը, խնդիրը պետք է լուծեն քաղաքական ուժերը: Իսկ հասարակությունը, ճիշտ հակառակը, ապացուցեց, որ ինքն իր անելիքն անում է՝ գնում է ընտրության եւ քվեարկում է իր խղճի թելադրանքով: Այ, ժողովրդի ձայնը պահելն ու նրա կամքն իրագործելը քաղաքական ուժերի խնդիրն է: Եվ թող այդ ուժերը չասեն, թե մենք ի՞նչ անենք՝ իշխանության, ադմինիստրատիվ լծակների, ֆինանսական միջոցների ու ընտրակեղծարարության կուռ համակարգի դեմ մենք անզոր ենք: Իրականում խնդիրը հետեւողական ու ամենօրյա կուսակցական աշխատանքի մասին է, որը քաղաքական ուժերը չեն կատարում»:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Երեւանի Փակ շուկայի մոտ նկատել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով «անձամբ է ղեկավարելիս եղել ճարտարապետական այդ կառույցի շինարարական աշխատանքները: Թղթակցի հարցին` «Ի՞նչ նպատակով եք այստեղ, եկել եք շինաշխատանքները ղեկավարելո՞ւ», Ալեքսանյանը խուսափողական պատասխան է տվել. - «Չէ, այ ցավդ տանեմ, մարդ պտի տենայի: Փողոցի վրա հանդիպել ես, ի՞նչ ես ուզում ինձնից»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG