Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր Գյումրիում կրկին ջերմ ընդունեցին: Նախքան Գյումրի այցելելը նա եղել էր նաեւ Թալինում եւ Արթիկում:

Գյումրիի Թատերական հրապարակը այս անգամ եւս բազմամարդ էր, սակայն այս հանրահավաքը մասնակիցների թվով փոքր ինչ զիջում էր երկու շաբաթ առաջ կայացած հանրահավաքին:

Մինչ ելույթի հերթը կհասներ Հովհաննիսյանին, ոստիկանական մեքենան մոտեցավ եւ հայտարարեց, թե հանրահավաքն արտոնված չէ: Հովհաննիսյանը մոտեցավ ոստիկաններին` ճշտելու, թե որն է խնդիրը, որից հետո ոստիկանական մեքենան շրջադարձ կատարեց եւ արագ հեռացավ:

Հովհաննիսյանը այնուհետեւ հարթակից ելույթ ունեցավ եւ մի քանի կարեւոր դրույթներ առանձնացրեց: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ եւ նրանց առջեւ հստակ պահանջ ներկայացրել:

«Շատ պարզ ներկայացրի, որ այդ նույն Արեւմուտքը եւ Գերմանիան, որ ճանաչում են Կոսովոն, պիտի ճանաչեն Արցախը: Այդ նույն Գերմանիան եւ Եվրոպան, որոնց աղբյուրներից մեկն է Հայաստանի քաղաքակրթությունը` առաջին քրիստոնյա ազգը, պիտի ճանաչեն մեր Ցեղասպանությունը եւ Մեծ հայրենազրկումը: Ժամանակ ենք տալիս` 2015 թվականի ապրիլի 24-ին դուք ճանաչելու եք մեր իրավունքը», - հայտարարեց նա:

Հովհաննիսյանը իշխանություններին մեկ այլ պահանջ էլ ներկայացրեց. - «Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-ը ինքաբացարկ է հայտարարելու` հրաժարական»:

Հայ ազգային կոնգրեսը նախօրեին հայտարարություն էր տարածել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների միասնական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես ողջունում եմ միասնականության ցանկացած արտահայտություն եւ դրսեւորում, բայց առաջին հերթին բոլորը միասին հայ ժողովուրդին պիտի միանան` հասկանալու համար, որ ժողովուրդը փետրվարի 18-ին, ոչ թե մայիսի 5-ին, արդեն հաղթանակ է տարել եւ այդ հաղթանակը պետք է արձանագրեն բոլորը` պարոն Սարգսյանից սկսած, բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքացիական հոսանքները, այդ թվում` ՀԱԿ-ը: Ով կանգեց ժողովրդի կողքին, ով ասաց, որ ժողովուրդը հաղթել է փետրվարի 18-ին, եւ մենք գրանցելու ենք մեր հաղթանակը, ով մերժելու է հերթական կեղծված ընտրությունը, ինքը կարող է խոսել մայիսի 5-ի մասին: Ես [միասնական հանդես գալ] պահանջում եմ հիմիկվանից, ոչ թե մայիսի 5-ին»:

Հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքով համակիրների ուղեկցությամբ հասավ Յոթվերք եկեղեցի, որտեղից էլ մեկնեց մեկնեց Վանաձոր: «Ազատություն» ռադիոկայանի Վանաձորի թղթակցի փոխանցմամբ` Վանաձորի հանրահավաքը այնքան էլ բազմամարդ չի եղել: Հովհաննիսյանի հանրահավաքին այնտեղ հետեւել են նաեւ հանրապետականները:

«Վանաձորում թե ընտրությունից առաջ, թե հաղթանակից հետո նոր բան չեմ ասելու, բայց Արցախի այս պուրակում` սա մեր իրավունքն է եւ ով վախկոտ մեքենաներից հայտարարություն է կարդում, ինքը պատասխան պիտի տա, բայց ոչ թե ինքը առաջին հերթին, այլ իր վերադասի վերադասի վերադասը: Պարոն Դարբինյան, ամոթ Ձեզ, Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է` ամոթ Ձեզ: Ես այն մարդը չեմ, որ ուլտիմատումով, վերջնագրով խոսեմ, բայց ակնհայտ է, որ դուք պիտի հրաժարական տաք եւ ժողովուրդը պիտի ունենա իր իշխանությունը Վանաձորում, Լոռվա մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում», - Վանաձորի քաղաքապետին դիմելով ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհանիսյանը Վանաձորից մեկնեց Սպիտակ, այնուհետեւ Ապարան:
XS
SM
MD
LG