Մատչելիության հղումներ

«Գետամեջի» թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկի հայրը՝ «Դվին» կոնցեռնի նախագահ Ռաֆիկ Սարգսյանը կարծում է, որ ֆաբրիկայի անվանն ուզում են վնաս հասցնել:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր ստուգումներից հետո հայտարարել է, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի սառեցված հավի մեջ առկա սալմոնելա մանրէի հարուցիչը գերազանցել է թույլատրելիի քանակը: Ֆաբրիկայում հայտնաբերվել են նաեւ այլ խախտումներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է, որ ֆաբրիկայում առկա է եղել հակասանիտարական վիճակ, արտադրամասում չի եղել պատշաճ ախտահանում եւ այլն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Գեւորգյանն ասաց, որ սալմոնելոզ հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 5 ժամից երեք օր, այդ շրջանում արդեն կարող է մարդու մոտ վարակվածության նշաններ ի հայտ գալ, դրանք են` գաստրիտ, փորլուծություն եւ աղեստամոքսային այլ խանգարումներ:

Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ֆաբրիկայի արտադրության վրա դրվել է ժամանակավոր արգելք, եւ որ առկա խախտումներն ու մանրէի առկայությունը հիմք են հանդիսացել շուկայում եղած խմբաքանակը ետ կանչելու համար:

«Արձանագրված բոլոր խախտումները մենք ընդունում ենք, բացի մանրէի առկայությունից: Մնացածը հնարավոր է շտկել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը, ում դուստրը «Գետամեջի» թռչնաֆաբրկայի սեփականատերերից մեկն է:

«Ես արդեն զգում եմ, որ էս քայլն արված էր «Գետամեջի» բրենդը վնասելու համար: Շուտով կվերականգնենք: Ինչքան ուզում ես ռեկլամ արա, մարդը, որ հավն ուտում ա, ինքն ա որոշում լավն ա, թե չէ», - ասաց Սարգսյանը:

Բաբկեն Պիոպյանը նշեց, որ դրված կալանքն անժամկետ է, եւ որքան շուտ այն վերացվի, այնքան շուտ կվերագանգնվի թռչնաֆաբրիկայի վարկանիշը: Ռաֆիկ Սարգսյանը, սակայն, տեղի ունեցածում միտում է տեսնում:

Պիպոյանն ասաց, որ մյուս խոշոր թռչնաֆաբրիկաներում էլ են իրենք ուսումնասիրություններ արել, եւ ոչ մի տեղ նման խախտումներ չեն հայտնաբերվել: Ի պատասխան հարցին, թե արդյոք սա արվա՞ծ չէ այն բանի համար, որ շուկայում առաջատարներից մեկը համարվող այս ֆաբրիկայի վարկանիշը տուժի, նա ասաց. - «Սկսենք այնտեղից, որ շուկայում առաջատար եռյակում չէր իր սպառման ծավալներով: Երբ որեւէ մի ընկերության մոտ հանդիպում ենք խախտում եւ ստիպված ենք լինում արգելանք սահմանել, միշտ էլ նմանատիպ խոսակցություններ լինում են»:

Ռաֆիկ Սարգսյանն էլ ասաց. - «Ուրեմն էդ Պիպոյանին պետք է բացատրել, որ բացի, մի հատ տեսնի 97 թվականներից սկսած` ով ինչքան ա արտադրել: Հանրապետության մեջ համար առաջին բրենդն էր: Ընենց, որ էդՊիպոյանին պետք է ասել… կամ ծանոթ չի, կամ էլ հենց ընենց ասել ա: Ուրեմն իրան էլ պետք ա հարցաքննել, ես չգիտեմ»:

«Դվին» կոնցեռնի սեփականատերն ասաց, որ իրենք նույնպես սառեցված հավերը ենթարկել են լաբորատոր ստուգման եւ Սննդի անվտանգության տեսչության հայտնաբերած սալմոնելան չեն գտել: Նա հավելեց, որ իրենք դիմել են Սննդի անվտանգության տեսչություն եւ առաջարկել լրացուցիչ համատեղ լաբորատոր ստուգումներ անցկացնել:
XS
SM
MD
LG