Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ Հայաստանը թույլ չի տա ռուսական ռազմաբազան օգտագործել ի վնաս Վրաստանի շահերի։

«Հայաստանի պաշտպանության նախարարի հետ մենք խոսել ենք այն վտանգների մասին, որոնք կան տարածաշրջանում, ասել ենք Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանների ներկայությունը վտանգ է Վրաստանի համար: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանում առկա ռուսական ռազմակայանին, մենք համոզված ենք, որ հայկական կողմը թույլ չի տա, որ այն կիրառվի ի վնաս Վրաստանի շահերի», – այսօր Երեւանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Ալասանիան այսօր առավոտյան է երկօրյա պաշտոնական այցով ժամանել Երեւան: Պաշտպանության նախարարությունում նա շուրջ կես ժամ առանձնազրույց ունեցավ նախարար Սեյրան Օհանյանի հետ, որից հետո հայ-վրացական բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով:

Ասուլիսին Սեյրան Օհանյանը նշեց, որ հայ-վրացական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ դինամիկ կերպով զարգանում է, հայկական ու վրացական կողմերը «միակարծիք են տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների, հատկապես հակամարտությունների լուծման հարցերում»:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ 2013 թվականին կողմերը համագործակցելու են ռազմական կրթության, խաղաղապահ գործունեության, ռազմավարական բարեփոխումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ կենտրոններում պատրաստության հարցերում։

«Մենք նաեւ որոշել ենք կատարելագործել գոյություն ունեցող իրավական դաշտը, որը հնարավորություն կտա, որպեսզի մենք նաեւ մեր հարաբերություններով ազդեցություն ունենանք ե՛ւ երկկողմ համագործակցության զարգացմանը, ե՛ւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին», – հավելեց Հայաստանի պաշտպանության նախարարը։

Վրաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հավելեց. – «Տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, իսկ տարածաշրջանային անվտանգությունը պետք է մենք ապահովենք` Հարավային Կովկասում գտնվող պետությունները»։

Արձագանքելով Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող սպառնալիքների մասին հարցին, Իրակլի Ալասանիան, մասնավորապես, ասաց. – «Կարծում եմ, ցանկացած բանական մարդու համար նման գաղափարը անընդունելի է: Մենք շատ ենք խոսել տարածաշրջանային անվտանգության մասին, որ բոլոր հակամարտությունները, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով, եւ մեր ջանքերի արդյունքում տարածաշրջանային անվտանգությունը կապահովի բոլորի, այդ թվում քաղաքացիական օդանավերի անվտանգությունը»:
XS
SM
MD
LG