Մատչելիության հղումներ

Լեֆոր. «Եվրամիության համար Հայաստանը կարեւոր երկիր է»


Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր, արխիվ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր, արխիվ

Եվրամիության ղեկավարության եւ եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես` փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին եւ հաջողություններ է մաղթում Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաեւ՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ Եվրամիության համար Հայաստանը կարեւոր երկիր է, եւ այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարեւոր են:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քաղաքական ակտիվ երկխոսության եւ համագործակցության դինամիկան, Ասոցիացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Նախագահը կարեւորել է նաեւ բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանի զարգացումներին եւ Հայաստանում հետընտրական գործընթացներին:

Նույն օրը Եվրամիության հատուկ ներկայացուցչին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են վերջերս Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG