Մատչելիության հղումներ

Փաստաբան. «Սեդրակյանը չէր կարող կալանավորվել»


Վարդան Սեդրակյան, արխիվ
Վարդան Սեդրակյան, արխիվ
Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպանն այսօր Վերաքննիչ դատարան դիմում է ներկայացրել՝ վիճարկելով մարտի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:

Համաձայն այդ որոշման` Հայաստանի նախագահի թեկնածուն երկամսյա կալանքի է ենթարկվել՝ մեղադրվելով նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար:

Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ Սեդրակյանը դեռեւս համարվում է նախագահի թեկնածու:

Նա վկայակոչում է Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածը, որի առաջին մասի համաձայն` Հայաստանի նախագահի թեկնածուն իր կարգավիճակը պահպանում է մինչեւ նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Այս պարագայում նկատի է առնվում մյուս թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումները Սահմանադրական դատարան, ովքեր պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները:

Քանի դեռ այս գործընթացն ավարտված չէ, նախագահի թեկնածուներից եւ ոչ ոքի իրավապահ մարմիները չեն կարող ձերբակալել կամ կալանավորել, Ընտրական օրենսգիրքն է մեջբերում փաստաբանը: Շարունակելով օրենքը մեկնաբանել՝ նա նշում է, որ մինչ այդ ժամկետը թեկնածուն օգտվում է Ընտրական օրենսգրքի ընձեռած իրավունքներից, համաձայն որոնց` նա կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Սիրունյանը, սակայն, ժամանակից առաջ անցնելով՝ կռահում է, թե ինչ կարող է պատասխանել Վերաքննիչ դատարանը իր ներկայացրած պնդումներին ի պատասխան:

«Ենթադրում եմ, որ ապագա առարկությունները լինելու են հետեւյալը, որ այդ կարգավիճակից նախ օգտվում է այն թեկնածուն, որը դիմել է Սահմանադրական դատարան, թեեւ օրենքում նման բան չկա», - ասում է փաստաբանը:

Սիրունյանը երեկ է տեսակցել Սեդրակյանին: Ասում է, որ առողջությունից փոքր բողոքներ ունի, դեղորայք է տարել նրան:

Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, երկու օր գտնվող Սեդրակյանը հրաժարվում է ցուցմունք տալ՝ պահանջելով իրենց ներկայացնել մեղադրանքի հիմքերը: Նա պնդում է, որ կապ չունի Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ ընդհանրապես: Նրա պաշտպանն ասում է, որ թեեւ իրավապահներն իրենց հայտնել են մեղադրանքի բովանդակությունը, բայց չեն նշել, թե ինչ ապացույցների հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել: Սիրունյանը դիմել է գործը քննող քննիչին՝ խնդրելով հատկացնել մեղադրանքի հիմքերը: 5-օրյա ժամկետում դիմումը կամ կմերժվի, կամ էլ պաշտպանական կողմին կներկայացվի այն ապացույցները, որոնց հիման վրա իրավապահ մարմինները Սեդրակյանին են մեղադրում Հայրիկյանի սպանության փորձը պատվիրելու մեջ:

«Հասկանանք` «ես ինչում եմ մեղավոր, նոր ինձ կալանավորեք»… Մի հարգարժան մարդու նկատմամբ եղել է այդ դեպքը, հեռուստացույցով ցույց տվեցին երկու հոգու, ամեն ինչ հասկանալի է, բայց ի՞նչ կապ ունի Սեդրակյանը, մենք չենք կարողանում հասկանալ: Ու ինչո՞ւ ենք այդ ցուցմունքը տվել` «մեղադրանքը չեմ ընդունում եւ վերջ», որովհետեւ եթե ինձ հետ խոսում են առանց հիմքերի, իմ պատասխանը կարճ է` մեղավոր չեմ: Հենց ասեն` մեղավոր ես, որովհետեւ… այդ ժամանակ ես կսկսեմ այդ որովհետեւներին պատասխանել», - ասաց փաստաբանը:

Սիրունյանը նշում է, որ իրենց նաեւ հայտնի չէ, թե ինչ ցուցմունքներ են տվել Հայրիկյանի գործով կալանավորված երկու անձինք: «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է իրավապահ մարմինները մեղադրանքի հիմք են ընդունել Սեդրակյանի վերջին շրջանի հայտարարությունները, փաստաբանն ասում է, որ այդ մասին եւս իրավապահներն իրենց ոչինչ չեն ասել: Սեդրակյանը Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձից հետո հայտարարել էր, թե ընտրություններից հետո իրեն կձերբակալեն, քանի որ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք` Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են:

«Հարցնում եմ` ինչո՞ւ ես նման բան ասել, ասում է` «շատ սովորական տրամաբանություն էր ինձ մոտ, եթե եղել է դեպք, ընդ որում` հնչեղ, հայտնաբերվել են երկուսը ու պարզվել է, որ մեկը իմ հարեւանն է...»: Սա է տրամաբանությունը: Մենք չգիտենք` մեզ որ թելով են կապում [մահափորձին]», - ասաց փաստաբանը:

Նախագահի թեկնածուի պաշտպանը նշում է, որ Սեդրականն իր կալանավորումը քաղաքական հետապնդում չի համարում եւ ընդհանրապես չգիտի, թե ինչու է ինքը հայտնվել կալանավորվածի կարգավիճակում:
XS
SM
MD
LG