Մատչելիության հղումներ

Բունդեսթագի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, լռությամբ հարգել մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Նորբերթ Լամմերթը գրառում է կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում. - «Մեր անցյալի փորձից ելնելով՝ մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին»։

Լրագրողների հետ զրույցում Բունդեսթագի նախագահը, նշելով, որ նման վայրեր կան նաեւ Գերմանիայում եւ աշխարհի շատ երկրներում, ասել է. - «Դրանք հետեւանք են այն իրադարձությունների, որոնք չպետք է տեղի ունենային։ Բունդեսթագը 2005-ին որոշում է կայացրել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Մենք դա արել ենք նկատի ունենալով մեր անցյալը, առանց որեւէ գնահատականի՝ միասնաբար կայացրել ենք այդ որոշումը՝ գիտակցումով, որ ինքնաքննադատական վերաբերմունքը սեփական պատմության այն կարեւոր նախադրյալն է, որը պետք է օգնի նման որոշումներ կայացնելուն՝ հանուն համընդհանուր լավ ապագայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG