Մատչելիության հղումներ

Մարտի 7-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին` «Ժառանգությանը», Դաշնակցությանը միասին հանդես գալ Երեւանի ավագանու` մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է. - «Բացառիկ մի հնարավորություն է 4 այս քաղաքական ուժերի համար [ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ], համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ»: Զուրաբյանը, իհարկե, իրավացի է, սա իրոք բացառիկ հնարավորություն է: Այլ բան, որ կոնկրետ ՀԱԿ-ի համար այդպիսի հնարավորություն կարող է եւ այլեւս չլինել, քանի որ ընդամենը կես ամիս առաջ կայացած նախագահական ընտրություններին չմասնակցելով` ՀԱԿ-ը իրեն, գուցեեւ անվերադարձ, դրեց քաղաքական լուսանցքում: Եվ հիմա, լսելով «ռեժիմին հաղթելու բացառիկ հնարավորության» մասին, դժվար է չհարցնել. պարոնայք կոնգրեսականներ, իսկ որտե՞ղ էին դուք նախագահական ընտրություններին, ինչո՞ւ հանրության սպասելիքները բորբոք պահելով մինչեւ նախաամանորյան օրերը` հուսախաբ արեցիք բոլորին` այդպես էլ պատասխան չտալով ձեր քաղաքական դասալքության համար»:

«Օրակարգ»-ում կարդում ենք. - «Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը հարթելու ճանապարհները դեռեւս հստակեցված չեն: Այս ուղղությամբ հանրային բանավեճը ծավալվում է երեք գործոնների շուրջ՝ հրապարակային պայքար, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցը Սահմանադրական դատարանում եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ: Առաջին երկու գործոնները այս պահին փոխլրացնում են միմյանց, քանի որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելու համաժողովրդական բողոքի ակցիաներին զուգահեռ՝ խնդիրը իրավական հարթությունում լուծելու փորձերը ամենեւին ավելորդ չեն: Մյուս կողմից՝ այս ընթացքում քաղաքական օրակարգում հայտնվեց Երեւանի ավագանու ընտրությունների խնդիրը: Այս հանգամանքը կարող է երկակի ազդեցություն ունենալ ներկայիս քաղաքական իրավիճակի վրա: Այն կարող է շեղել ուշադրությունը հետընտրական իրավիճակից դեպի բնույթով ավելի քիչ քաղաքական Երեւանի ավագանու ընտրությունների վրա»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Կարելի է ինչքան ասես քմծիծաղել, ինտելեկտուալ այլ վարժանքներ անել Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի յուրաքանչյուր միտինգից հետո։ Բայց ցանկալի է նաեւ հասկանալ, որ մեր առջեւ անկանխատեսելի գործիչ է, որը բացի ամենայնից նաեւ էյֆորիկ վիճակում է… Նման իրավիճակում միշտ էլ վտանգ կա, որ փորձ կարվի դուրս բերել մարդկանց բարիկադներ, այսինքն՝ կազմակերպել «հեղափոխություն»։ Պետք է հստակ գիտակցել, որ «հեղափոխությունը» դժվար թե անարյուն ստացվի. 2008 թվականի իրադարձությունների փորձն ու հավանական կարգախոսների հավաքածուն դրա գրավականն են։ Եվ ի՞նչ երաշխիք, որ մի որոշակի փուլում արյան հոտն առած ամբոխը դուրս չի գա, թեկուզեւ ժամանակավորապես, «հեղափոխականների» վերահսկողությունից։ Ո՞վ պատասխանատվություն կկրի հնարավոր արյունահեղության համար։ «Հեղափոխական» տեսաբանները ներկայումս քարոզում են անմիջական գործողության ակցիաների միջոցով ռեժիմին «քաղաքացիական-հասարակական» դիմադրություն ցուցաբերելու գաղափարը»։

«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ կրկին հանդիպման առաջարկ է արել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հովհաննիսյանը նշել է, որ այդ ամենը պետք է լինի առանց հետին մտքի եւ դավերի: Բոլորը հայտարարում են հետին մտքերի եւ դավերի բացակայության, մերժման մասին, սակայն իրենց իրական գործողություններով ոչ միայն չեն արտացոլում այդ հավաստիացումները, այլեւ նույնիսկ տալիս են հակառակը կարծելու ծանրակշիռ հիմքեր: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ժամից ավելի հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, մեկ ժամից ավելի հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ եւ այդ հանդիպումների մասին հասարակությանը պատմում է երկու-երեք նախադասությամբ: Ոչ թե երկու-երեք րոպե, այլ երկու-երեք նախադասությամբ: Ու երբ այս ամենից հետո եւս մեկ անգամ հնչում են հայտարարություններ՝ առանց հետին մտքի ու դավի մասին, այլեւս որեւէ կերպ դրանք վստահություն չեն ներշնչում, քանի դեռ իրական գործով չի հաստատվել հակառակը»:

Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի վերջին նիստը` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Առավոտ»-ին ասել է. - «Եթե որեւէ քաղաքական ուժ կասի, որ ինքն ինքնամաքրման խնդիր չունի, ապա ես կդժվարանամ այդտեղ խոսել կուսակցության ներքին ժողովրդավարության մասին: Ցանկացած քաղաքական ուժ այդ խնդիրն անընդհատ ունի»: Իսկ ինչ մնում է Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ հայտարարությանը, տիկին Զոհրաբյանը միանշանակ համաձայն է. «ԲՀԿ-ն քծնողների եւ պաշտոնամոլների տեղ չէ, եւ նրանք, ովքեր ինչ-ինչ ակնկալիքով են կուսակցությունում՝ Ծառուկյանը շատ հստակ ասաց: Ես չեմ կարող ասել, որ այն կոնկրետ որեւէ անձի դեմ էր ուղղված, բայց մեսիջ էր ուղղված բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ակնկալիքներ կարող են ունենալ: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ եւ պարզ ասված էր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG