Մատչելիության հղումներ

logo-print

Կանանց ներկայացվածությունը խորհրդարաններում


Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նիստը, արխիվ

Հայաստանը 2012-ին փոքր առաջընթաց է ունեցել նախորդ խորհրդարանի համեմատ, նշում է Միջխորհրդարանական միությունը իր զեկույցում։

Կանանց միջազգային օրվան ընդառաջ Միջխորհրդարանական միությունը հրապարակել է իր զեկույցը տարբեր երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածության վերաբերյալ։ Ըստ այդմ` աշխարհում այս ցուցանիշը 2012 թվականին միայն մեկ տոկոսով է ավելացել նախորդ տարվա համեմատությամբ. եթե 2011-ին ընդհանուր ներկայացվածությունը 19.5 տոկոս էր, ապա 2012-ին այն 20.3 տոկոս է կազմել:

Հայաստանը 2012-ին փոքր առաջընթաց է ունեցել նախորդ խորհրդարանի համեմատ` անցած տարի ձեւավորված Ազգային ժողովի 131 պատգամավորների 10.7 տոկոսը կամ 14-ն են կին, ինչը միայն 2-ով է ավելի, քան նախորդ խորհրդարանում էր։

Զեկույցը արձանագրում է, որ կանայք ավելի լավ են ներկայացված այն երկրներում, որտեղ նրանց համար քվոտաներ, հատուկ տեղեր են հատկացված։ Այդպիսի երկրներում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում հիմնականում ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ օրենքով ամրագրված չէ կանանց համար տեղեր հատկացնելը:

Նշանակալի առաջընթաց է ունեցել այս տարի Ալժիրը` կանանց գրեթե 32 տոկոս ներկայացվածության խորհրդարանում։ Ալժիրը միակ երկիրն է արաբական աշխարհում, որտեղ կանայք զբաղեցնում են խորհրդարանի 30 տոկոսից ավելին։

Եգիպտոսում եւ Լիբիայում, որ «Արաբական գարնան» երկրներից են, ամենացածր ցուցանիշներն են տարածաշրջանում` մոտ 13 տոկոս։

Առաջատարների թվում է նաեւ Սերբիան` այդ երկիրը գրեթե 11 տոկոսով ավելացրել է կանանց ներկայացվածությունը խորհրդարանում, Ղազախստանի եւ Ֆրանսիայի առաջընթացը մոտ 8 տոկոս է:

Եվրոպայում տարվա ձախողվածներն են Բելառուսը` կանանց ներկայացվածությունը 5.2 տոկոսով նվազել է, Նիդերլանդները` 2 տոկոսով է նվազել, Չեխիան` 1.2 տոկոսով:

Վերջին տասը տարիների ընթացքում եվրոպական երկրները հասել են զգալի առաջընթացի, այժմ այդ տարածաշրջանը ունի կանանց ներկայացվածության միջին 23 տոկոս ցուցանիշ, մինչդեռ 2002-ին այն ընդամենը 17.4 տոկոս էր:

Ասիան ավելի դանդաղ է առաջ շարժվել` տասը տարվա ընթացքում ընդամենը 3 տոկոսով բարելավելով դիրքերը 2002-ի 15 տոկոսի համեմատությամբ. 2012-ին կանանց միջին ներկայացվածությունը Ասիայում մոտ 18 տոկոս է։ Արաբական երկրներում տասը տարի առաջ կանայք խորհրդարանի միայն 6 տոկոսն էին զբաղեցնում, իսկ 2012-ին այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է եւ կազմում է 13 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG