Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Հարավային Կովկասում Հայաստանը թմրամիջոցների առումով ամենաբարվոք վիճակում է»


Աֆղանստանում պատրաստվում են այրել բռնագրավված թմրամիջոցների կույտը, արխիվ

Աֆղանստանում պատրաստվում են այրել բռնագրավված թմրամիջոցների կույտը, արխիվ

Թե՛ Վրաստանը եւ թե՛ Ադրբեջանը շատ ավելի լուրջ խնդիրների են բախվում, ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում։

Հարավային Կովկասի պետություններից Հայաստանը թմրամիջոցների արտադրության, օգտագործման եւ հատկապես տարանցման առումով ամենաբարվոք վիճակում է: Սա են վկայում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղ գտած տվյալները:

«Հայաստանը թմրամիջոցների արտադրության ասպարեզում լուրջ դերակատարություն չունի, իսկ թմրադեղերի չարաշահման մակարդակն այստեղ կարելի է չափավոր գնահատել», - նշված է Պետքարտուղարության «Թմրամիջոցների վերահսկողության միջազգային ռազմավարություն» անունը կրող զեկույցում:

Վաշինգտոնում հրապարակված այս փաստաթղթի հեղինակների պնդմամբ` Հայաստանը լուրջ դերակատարություն չունի նաեւ թմրամիջոցների տարանցման առումով: Դրա հիմնական պատճառը երկրի աշխարհագրական մեկուսացվածությունն է: «Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ ցամաքային չորս սահմաններից երկուսը` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փակ են: Այդ ամենը նվազեցնում է Հայաստանի` որպես թմրամիջոցների տարանցման ուղու գրավչությունը», - նշում են ամերիկացի մասնագետները:

Արձանագրելով, որ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը շարունակում է մնալ մարիխուանան, զեկույցի հեղինակները նշում են, որ միայն 2012 թվականին հայաստանցի իրավապահները շուրջ 82 տոննա մարիխուանա են ոչնչացրել: «2012-ին, սակայն, առգրավված թմրամիջոցների ծավալը Հայաստանում նվազել է, ինչը հայաստանցի իրավապահները բացատրում են 2011-ի վերջին եւ 2012-ի սկզբին նարկոթրաֆիքով զբաղվող մի շարք խմբերի վնասազերծմամբ», - ասված է զեկույցում։

Ինչ վերաբերում է թմրամիջոցների տարանցման ուղիներին, ապա Հայաստանի ոստիկանությունը պնդում է, որ դրանք հիմնականում երկուսն են` Աֆղանստանից` Իրանով դեպի Հայաստան, եւ Թուրքիայից դեպի Հայաստան` Վրաստանի տարածքով: «Թմրամիջոցների տեղափոխման փորձերի համար Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը լիովին փակ է», - նշված է Պետքարտուղարության զեկույցում:

Փոխարենը, տարեցտարի ակտիվանում են Մեղրիով թմրամիջոցներ ներկրելու փորձերը: Զեկույցի հեղինակները պատմում են թմրամիջոցների Հայաստան տեղափոխման` անցած տարի բացահայտված մի նոր մեթոդի մասին: «Թմրամիջոցները տեղադրվում են պլաստիկ գնդակների մեջ, որոնց վրա լուսադիոդներ կան: Գիշերն այդ գնդակները նետվում են Արաքսի հայկական ափ: Ստացված թմրամիջոցի համար վճարումը իրականացվում է նույն կերպ», - հայ - իրանական նարկոթրաֆիքի տեխնոլոգիական մանրամասներն է բացահայտում Պետքարտուղարության զեկույցը:

Ինչ վերաբերում է հարեւան պետություններին, ապա, զեկույցի հեղինակների պնդմամբ, թե՛ Վրաստանը եւ թե՛ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի լուրջ խնդիրների են բախվում: Միջազգային նարկոթրաֆիքի հիմնական ուղիներից մեկը, որ մեկնարկում է Աֆղանստանում, ապա Իրանով շարունակվում է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան, անցնում է թե՛ Վրաստանի եւ թե՛ Ադրբեջանի տարածքով:

«Ադրբեջանի տարածքով տարեկան 11 տոննա հերոին է տեղափոխվում: Վրաստանը նաեւ աչքի է ընկնում սեփական ընդհատակյա արտադրության թմրամիջոցների առկայությամբ: Վերջին շրջանում դրանցից առավել մեծ տարածում են ստացել հատկապես ամֆետամինների հիմքի վրա ստեղծված «Ջեֆֆ» եւ «Վինտ», ինչպես նաեւ «Կրոկոդիլ» տեսակի թմրամիջոցները», - նշում են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG