Մատչելիության հղումներ

ՀԱԿ–ն առաջարկում է միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում


«Բացառիկ մի հնարավորություն է 4 այս քաղաքական ուժերի համար [ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ], համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ, ինչը ճանապարհ կբացի նաեւ հետագայում իշխանափոխության համար», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ – «Եթե իսկապես ձեւավորվում է ճակատ ընտրակեղծարարության դեմ, դա նաեւ նշանակելու է, որ այս բոլոր չորս քաղաքական ուժերը ակտիվորեն մտնում են պայքարի մեջ, ժողովրդին մոբիլիզացնում են, եւ նաեւ բոլոր ընտրատեղամասերում մենք ունենալու ենք չորսական անդամ, որոնք կարող են, գործելով որպես թիմ, բռնել ընտրակեղծարարի ձեռքը»։

Համախմբման գլխավոր խոչընդոտ շատ հաճախ համամասնական ցուցակն է դառնում, հատկապես այդ ցուցակում այս կամ այն ուժի ներկայացուցչի տեղը։

ՀԱԿ համակարգողն ասաց՝ իրենց համար երկրորդական է, թե ով կգլխավորի ցուցակը. – «Մենք բնականաբար պատրաստ ենք զիջել հանուն ջանքերի համախմբման։ Ավելի կարեւոր է ժողովրդի համար, որ լուծվի համախմբման հարցը։ Եվ բնականաբար բոլոր ուժերը պետք է գնան զիջումների։ Մենք մեր կողմից պատրաստ ենք այդ զիջումները կատարել»։

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց՝ Հայ ազգային կոնգրեսն ավագանու ընտրություններում միասնական մասնակցելու վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ դեռեւս չի անցկացրել։

Լայն ճակատով համախմբվելու կոչ ավելի վաղ Դաշնակցությունն էր արել։

«Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ», – Ազատության հրապարակում երեկ հայտարարել էր Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դաշնակցության ներկայացուցիչը ողջունեց Հայ ազգային կոնգրեսի մոտեցումը։

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն էլ է կարծում, որ ավագանու ընտրությունները համախմբվելու լավ առիթ են։

«Հարթակը բաց է բոլորի համար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբյանը, – «Բարեւի հեղափոխության ալիքը որոշակի ֆոն ապահովում է, որպեսզի կարողանանք ընդդիմադիր տրամադրություն ունեցող ուժերին համախմբել, իսկ դա կլինի այն դեպքում, եթե ոչ իշխանական քաղաքական ուժերը միասին ինչ–որ ձեւաչափ կարողանան ճշտել եւ միասին մասնակցել»։

Ռուբիկ Հակոբյանի խոսքով, Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի» հետ բանակցում են, սակայն վերջնական որոշում չունեն։

«Բայց ԲՀԿ–ի հետ մեր բանակցություններն առաջին արդյունքն արդեն տվել են», – հավելեց Հակոբյանը, – «Խորհրդարանում իշխանության եւ ընդդիմության միասնական օրակարգով արտահերթ նիստն անցկացնելու վերաբերյալ ընթացող բանակցություններում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պաշտպանել է «Ժառանգության» նախագիծը»։

«Բարգավաճ Հայաստանից» փոխանցեցին, որ տեղյակ չեն, արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե ոչ։ Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահը ընտրություններում հաղթելու առիթով, գոնե հրապարակայնորեն, մինչեւ այժմ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին։ Ծառուկյանը երեկ հանդիպել է կուսակցականներին ու ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներին, եւ հայտարարել է, թե «Ժողովրդի կողքին եւ ժողովրդի համար» կարգախոսը կուսակցության համար առաջնահերթ է լինելու ցանկացած խնդրի պարագայում։

«ԲՀԿ–ն անելու է առավելագույնը ժողովրդի վստահությունը պահպանելու համար», – իր խոսքում ընդգծել է Գագիկ Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG