Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց ոստիկանության 2012 թվականի գործունեության վերաբերյալ:

«Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի», - գրված է զեկույցի առաջին կետում:

«Հաստատված նման դեպքերը մոտ մեկ տասնյակ են, բայց շատ են այն դեպքերը, երբ կա դիմումը, որը հետո չի հաստատվում», - մանրամասնեց պաշտպանի գրասենյակի քրեադատավարական իրավունքների վարչության ղեկավար Ռուբեն Մարտիրոսյանը:

Պաշտպանի զեկույցը նաեւ փաստում է, որ բազմաթիվ դեպքերում անձը անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից: Ռուբեն Մարտիոսյանը մեկնաբանում է, որ խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ քաղաքացուն հրավիրում են ոստիկանության բաժին առանց համապատասխան ծանուցագրի, առանց որի որեւէ քաղաքցու բաժին հրավիրել օրենքն արգելում է:

«Անձին կարող են զանգահարել եւ ասել՝ հրավիրում ենք ձեզ ոստիկանություն, եկե՛ք: Դրանից հետո, երբ մենք իրենց գրություն ենք գրում՝ պարզաբանում պահանջելով, մեզ կարող է գալ պատասխան, որ քաղաքացուն կանչել են զրույցի ու չկա կոնկրետ հիմք, թե ինչու են կանչել այդ մարդուն, բայց նաեւ անուղղակի կերպով ուզում են ինֆորմացիա ստանալ, բայց քրեական դատավարության օրենսգրքում նշված նման կարգավիճակ՝ զրույցի հրավիրվածի, չկա», - ասաց Ռուբեն Մարտիոսյանը:

Ոստիկանության գործունեության ոլորտի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա զեկույցում կրկին անդրադարձ կա խաղաղ հավաքների ժամանակ վրան տեղադրելը թույլ տալու կամ արգելելու հարցին:

Մարդու իրավուքների պաշտպանը վրան տեղադրելը շատ դեպքերում համարում է իրավաչափ եւ անգամ աշխատանքային խումբ են ձեւավորել ոստիկանության հետ այս հարցում համաձայնության գալու նպատակով, բայց ապարդյուն:

«Խնդիրը այն է, որ վրան տեղադրելը արգելող որեւէ նորմ չկա: Այսինքն եթե դու ոչ անցորդներին ես խանգարում, ոչ երթեւեկությանը, դու կարող ես այդ վրանը դնել», - ասում է Մարտիրոսյանը:

Ռուբեն Մարտիոսյանը շարունակեց, որ խոչընդոտելիս ոստիկանությունը երբեք չի ասում, որ արգելվում է վրան տեղադրել, այլ ամեն անգամ գտնում է որեւէ պատրվակ:

Պաշտպանի զեկույցում տեղ են գտել նաեւ ոլոտում տեղի ունեցած դրական տեղաշարժի մասին կետեր: Մասնավորապես, ըստ զեկույցի` էապես բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը: Ռուբեն Մարտիոսյանը մեկնաբանեց, որ նկատի ունեն համեմատական բարելավում:

Մեկ այլ կետում գրված է, որ 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել եւ այլն:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ասացին, որ պաշտպանի զեկույցը դեռեւս չեն ցանկանում մեկնաբանել, հնարավոր է դրան անդրադառնան ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG