Մատչելիության հղումներ

Էպոսագետին մեղադրանք է առաջադրվել Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար


Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան, արխիվ

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան, արխիվ

Նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը մեղադրվում է նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար։

Այս մասին այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Վարդան Սեդրակյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ տվյալ դեպքում պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի համար, որը պատժվում է 10-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

ԱԱԾ միջնորդությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Վարդան Սեդրակյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:

Ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, էպոսագետը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը։

Նախագահի նախկին թեկնածուն այս պահին գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։

Սեդրակյանը հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ, ինչպես փաստաբանն է ասում, առայժմ իրենց հայտնի չեն այն հիմքերը, որով Սեդրակյանին մեղադրում են։ Պաշտպանական կողմն այսօր արդեն միջնորդություն է ներկայացրել մեղադրանքի հիմքերը ստանալու համար։

Վարդան Սեդրակյանը դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ: Սեդրակյանը նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Հայրիկյանի դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվեցին երկու անձինք՝ Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը, ովքեր, ինչպես հետո պարզվեց, Սեդրակյանի ծանոթներն են. մեկը նրա հարեւանն է, ով Սեդրակյանի տունն է նորոգել, մյուսն էլ որպես տաքսու վարորդ սպասարկել է նորոգողներին։ Էպոսագետն ասել էր, թե ձերբակալվածները բավական խոցելի եւ սարսափելի կառավարելի մարդիկ են՝ մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, եւ նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել։

Հավելենք, որ այսօր փաստաբանը կրկին հանդիպել է Վարդան Սեդրակյանին։ Նա ասել է, թե չի հասկանում ինչու են իրեն մեղադրում, քանի որ ինքն այդ դեպքի հետ առնչություն չունի։ Փաստաբանի փոխանցմամբ, Վարդան Սեդրակյանը փիլիսոփայորեն է վերաբերվում իր հետ կատարվածին եւ կարծում է, որ ճշմարտությունը պարզվելու է։
XS
SM
MD
LG