Մատչելիության հղումներ

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմամերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով, Երեւանում վերջին երկու տարիներին բավականին տարածքներ կանաչապատվել են, բայց քաղաքում ընթացքող շինարարությունը պարզապես ջնջում է այն աշխատանքը, որը կատարվել է կանաչապատման ոլորտում:

«Այդ խտացումը (հատկապես կենտրոնի) ուղղակի սպանում է կենտրոնը, բացարձակ հաշվի չի առնվում քամիների հոսքը, որ քաղաքի օդային ավազանը կարողանա ինքնամաքրում իրականացնի: Մեր քաղաքի ինֆրաստրուկտուրան հաշվարկված չէ, որպեսզի կենտրոնում կարողանան այդպիսի հսկա շենքեր կառուցվեն», -ասաց Կարինե Դանիելյանը:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի խոսքով, 2012-ին տնկվել է 40.000 ծառ եւ թուփ: 2013-ի միայն գարնան համար նախատեսված է տնկել 50.000 ծառ, ծաղիկները կավելանան 2 միլիոնով՝ ծաղկային տարածքները դարձնելով 7 հեկտար: Այս ամենը կտարածվի ոչ միայն կենտրոն վարչական շրջանի, այլ նաեւ ծայրամասերի վրա:

Կարինե Դանիելյանը համաձայնեց, որ ծայրամասերը եւս կանաչապատվել են` հավելելով, սակայն, որ բնապահպանական մյուս խնդիրը կենսազանգվածի պակասն է. - «Այսինքն՝ մեծ քանակությամբ տերեւների կարիք ունենք, որ օդային ավազանը մաքրվի: Ծաղիկները գեղեցիկ են, բայց էկոլոգիական դրական ազդեցությունը ապահովում են ծառերը եւ թփերը»:

Բնապահպանության վարչության պետի խոսքով, մինչեւ 1990 թվականը ունեինք 908 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, այս տարի կունենանք այնքան, որքան 1990-ին:

«Նայած թե ինչպես հաշվենք: Օրինակ, Օղակաձեւ այգին համարում ենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, բայց երբ նայում ես այն ընդհանրապես չի համապատասխանում պահանջված չափանիշներին: Այն պարզապես վերածվել է բիզնես տարածքի, որը մի թեթեւ կանաչապատված է: Մենք այլ աչքով ենք նայում, օֆիցիալ կառույցները՝ այլ աչքով», - փոխանցեց Կարինե Դանիելյանը:

«Մենք ունենք այն ծառատեսակները, որոնք հարմար են երեւանի կլիմայական պայմաններին եւ հիմնականում ծառատունկը կատարում ենք այդ տեսակներով», - ասաց Ավետ Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ կանաչապատման աշխատանքների համար ծախսում են 1.2 մլրդ դրամ:
XS
SM
MD
LG