Մատչելիության հղումներ

Քննարկվում է սիրիահայերի համար թաղամասեր կառուցելու հարցը


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սիրիայի պատերազմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար Սփյուռքի նախարարությունը մտադիր է երեք տարբեր քաղաքներում թաղամասեր կառուցել:

Այս նախաձեռնությունը պատկանում է նախարար Հրանուշ Հակոբյանին, ով արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Աշտարակի, Վաղարշապատի եւ Մասիսի քաղաքապետերի հետ:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ Երեւանին մոտ քաղաքներում սիրիահայերի թաղամաս կառուցելու նախաձեռնությունից առաջ մտածում էին նոր քաղաք կառուցել՝ Հալեպ անվամբ: Այս գաղափարն իրագործելը, սակայն, բավական թանկ է, ուստի նախարարությունը կանգ առավ առանձին թաղամասերի կառուցման գաղափարի վրա:

Սփյուռքի նախարարի խոսքով, Վաղարշապատի, Աշտարակի եւ Մասիսի քաղաքապետերն արդեն ներկայացրել են այդ քաղաքների հատակագծերը՝ պատրաստակամություն հայտնելով այդ նպատակի համար հող հատկացնել:

Առայժմ, սակայն, հստակեցված չէ այս ծրագրի իրականացման գումարի չափը: Նախարար Հակոբյանն ասում է, թե գործն այժմ գտնվում է նախապատրաստական փուլում:

Թաղամասերի կառուցման համար քննարկվում են միջոցների հայթայթման տարբերակներ: Տարբերակներից մեկը կարող է լինել նորակառույց բնակարանների շուկայականից էժան գներով վաճառքը սիրիահայերին, կամ նրանց միջոցների ներգրավմամբ դրանց կառուցումը:

Սփյուռքի նախարարն ասում է, որ որոշ ծախսեր՝ օրինակ ենթակառուցվածքների կառուցումը, հնարավոր է ֆինանսավորի պետությունը. - «Կարելի է եւ կադաստրային արժեքով տալ, եւ պետությունը ձեւակերպումներն անի: Կարող են ներդրում լինել»:

Սիրիայում կառավարական ու ընդդիմադիր զորքերի միջեւ շուրջ երկու տարի տեւող հակամարտության հետեւանքով Հայաստան տեղափոխվեց շուրջ 11.000 սիրիահայ: Նրանց մոտ 4.500-ը հետ վերադարձավ Սիրիա կամ էլ տեղափոխվեց այլ երկրներ: Այժմ Հայաստանում բնակվում է 6.500 սիրիահայ:

Սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Զաքարյանն ասում է, որ թաղամասերի կառուցումն առավել արդյունավետ տարբերակ կլինի, քան այն, որ սիրիահայերն իրենք լուծեն բնակարանների գնման հարցը. - «Եթե առանձին-առանձին կառուցեն, ավելի թանկ կնստի, եթե միավորվեն ու, ասենք, կառուցեն, 4-5 հարկանի բնակելի շենքեր, իրենց վրա շատ ավելի էժան կնստի»:

Սիրիահայերի համար բնակարաններ կառուցելու մտադրություն ունի նաեւ «Ամենայն հայոց արձագանք» փրկարարական ծառայություն կազմակերպությունը: Այս կազմակերպության ծրագրով նախատեսվում է Երեւանի արվարձաններից մեկում քաղաքատիպ ավան կառուցել:

Կազմակերպությունն արդեն շուրջ 1000 դիմում է ստացել սիրիահայերից: 2 հեկտար հողատարածության վրա կառուցվող բնակարանների համար սիրիահայերը կվճարեն միայն շինարարության ծախսերի համար. նախնական տվյալներով՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով 300 դոլար: Բնակարանի գումարը կվճարեն մաս-մաս՝ նախապես վճարելով 10-20 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG