Մատչելիության հղումներ

Մարտի 6-ին «Մայքրոսոֆթ» ընկերությունը չլիցենզավորված համակարգչային ծրագրերի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում ողջ աշխարհում արդեն վեցերորդ տարին նշում է «Անվտանգ խաղի» օրը։ 2010 թվականից այս օրը նշվում է նաեւ Հայաստանում:

Հայաստանում համակարգիչներից օգտվողների 89 տոկոսը չլիցենզավորված ծրագրեր է օգտագործում։ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը այս ցուցանիշը մտահոգիչ է համարում, թեեւ 2006 թվականի համեմատ այն նվազել է 7 տոկոսով:

«Հայաստանում ծրագրային ապահովման շուկան ընդհանրապես կայացած չէ: Ոչ մի ընկերություն լուրջ ներդրումներ չի կատարում, որ ստեղծի մի պրոդուկտ, որը հնարավոր կլինի տարածել եւ վաճառել տեղական շուկայում», – ասում է «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ ում կարծիքով օրինական ծրագրային ապահովում ձեռք բերելու համար գումարներ ծախսելուց խուսափելու եւ դրանց ոչ արտոնագրված տարբերակները ընտրելու հիմնական պատճառը Հայաստանում ՏՏ ոլորտի մշակույթի բացակայությունն է:

Ծրագրավորող Կարեն Ստեփանյանը 2002 թվականից աշխատում է ՏՏ ոլորտում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, որ արտոնագրված ծրագրեր օգտագործելը ցանկացած պարագայում ավելի ճիշտ է, քանի որ այդպես սպառողը զերծ է մնում համակարգչային վիրուսներից եւ ձեռք բերում տեխնիկական աջակցություն ու ծրագրային թարմացումներ։ Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ նման ծրագրեր գնել:

«Ծրագրեր կան, որոնց գինը հասնում են մի քանի հազար դոլարի: Մարդ պետք է ընտրություն կայացնի` օգտագործի արտոնագրված ծրագիր եւ վճարի այդքան գումար, թե ոչ արտոնագրված, բայց իր ինֆորմացիան վտանգի ենթարկի»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Ստեփանյանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը օգտագործում է միայն արտոնագրված ծրագրեր, սակայն տան պայմաններում անօրինական ծրագրերից խուսափել չի ստացվում:

«Եթե ես եմ օգտագործում` իհարկե ոչ, բայց եթե երեխաներն են օգտագործում, չես կարող հսկողայան ֆունկցիաներ անել: Մեր տանն էլ են երբեւիցե օգտագորել դա»,-նշեց Հովիկ Մուսայելյանը: – «Մեզանից գնում են ծրագրեր։ Դա մեզ պարտավորեցնում է, որ մենք հետեւողականորեն մեր հեղինակային իրավունքների պաշտպանը լինենք»:

Համաշխարհային ճանաչում ունեցող IDC մարքեթինգային ընկերության կանխատեսմամբ` 2013 թվականին չլիցենզավորված ծրագրերի օգտագործման հետեւանքով սպառողների կորուստները եւ ծախսերը կկազմեն 22 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, իսկ մոտավորապես 1 ու կես միլիարդ ժամ մարդիկ կկորցնեն համակարգիչների ցածր աշխատունակության պատճառով:
XS
SM
MD
LG