Մատչելիության հղումներ

logo-print

«Արմավիա»-ում վստահ են, որ այլեւս ռուսական ինքաթիռներ չեն գնի:

Ռուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիան» ծրագրում է 2013 թվականի ընթացքում հայկական «Արմավիա» ավիաընկերության պատվիրած Sukhoi Superjet-100 ինքնաթիռները փոխանցել այլ պատվիրատուների:

Այս մասին օրերս հայտարարել է կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:
Նրա խոսքով` մինչ այս «Արմավիա»-ն հաջողությամբ շահագործում էր ինքնաթիռը, մինչդեռ հայկական ավիաընկերության ներկայիս ֆինանսական վատ վիճակը ազդել է ինքնաթիռների հետագա շահագործման վրա:

«Արմավիա»-ն մի քանի Sukhoi Superjet-100 ինքնաթիռներ էր պատվիրել, եւ ոուսական նոր ինքնաթիռների առաջին պատվիրատուն հենց Հայաստանի ազգային ավիափոխադրողն էր: 2011 թվականի ապրիլին ավիաընկերությունը ստացավ առաջին Superjet-ը, մինչդեռ որոշ ժամանակ այն շահագործելուց հետո պարզ դարձավ, որ ինքնաթիռը խնդիրներ ունի:

Նախորդ տարվա օգոստոսին «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը որոշել է հրաժարվել ռուսական արտադրության «Sukhoi Superjet-100» ինքնաթիռներից, որովհետեւ այդ ինքնաթիռները որակի հետ կապված խնդիրներ ունեին: Դեռեւս այն ժամանակ «Արմավիա»-ն հայտարարել էր, որ հրաժարվելու է հետագայում ինքնաթիռները շահագործելուց, մինչդեռ ի՞նչն է հիմա ռուսական կողմի նման հայտարարություն անելու պատճառը:

Այս հարցի շուրջ «Արմավիա»-ից պաշտոնական պատասխան ստանալ չհաջողվեց, մինչդեռ ընկերությունում մեր աղբյուրները պնդում են, որ սկզբում ռուսական ինքնաթիռը նորմալ շահագործում էին, իսկ խնդիրները առաջացան այն ժամանակ, երբ մի քանի ամիս շահագործելուց հետո ինքնաթիռը վերանորոգելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ որ ինքնաթիռի մասերը եւ վերանորոգումը մի քանի անգամ ավելի թանկ են մյուս ինքնաթիռների համեմատ: «Արմավիա»-ում ասում են, որ նման ծախսատար ինքնաթիռներ կարող են շահագործել միայն պետական կամ էլ խոշոր ավիաընկերությունները:

Թեեւ ընկերությունում չեն թաքցնում, որ ֆինանսական խնդիրներ ունեն, բայց դա ըստ մեր զրուցակցի` կապ չուներ ռուսական ինքնաթիռների ձեռքբերման հետ: Հիմա «Արմավիա»-ն ռուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիա»-ի հետ լուծել է բոլոր ֆինանսական խնդիրները:

Այժմ ընկերությունը ծրագրում է նոր ինքնաթիռներ ձեռք բերել: Մասնավորապես, խոսվում է ֆրանսիական Airbus եւ ամերիկյան Boeing ընկերության ինքնաթիռներ ձեռք բերելու մասին: «Արմավիա»-ում վստահ են, որ այլեւս ռուսական ինքաթիռներ չեն գնի:
XS
SM
MD
LG